ԵՊՀ առաջին ֆակուլտետները 95 տարեկան են. հանդիսավոր նիստ (լուսանկարներ)
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Մինչ նիստի սկսվելը ցուցադրվեց վերոնշյալ ֆակուլտներին նվիրված փաստավավերագրական ֆիլմ:
ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, հանդիսավոր նիստի բացման արարողության ժամանակ շնորհավորելով մասնակիցներին, ԵՊՀ-ի առաջին ֆակուլտետների և համալսարանի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ` հույս հայտնեց, որ համալսարանն այսուհետ ևս բարձր կպահի իր անունը, և համալսարանական նորանոր սերունդներ կգան լրացնելու հայ քաղաքացու, մասնագետի, հայ մարդու շարքը:
«Ինչպես Պատմության, այնպես էլ Հայ բանասիրության ֆակուլտետում առաջնային է համարվել որակյալ կադրերի պատրաստումը: Ֆակուլտետների շրջանավարտներից շատերն այժմ զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ, հասարակական-քաղաքական գործիչներ են և ղեկավարում են գիտակրթական հիմնարկներ»,- ասաց Ա.Սիմոնյանը:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց ԵՊՀ-ի ստեղծման պատմությունը, անցած ուղին, երկու՝ Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում ունեցած մասնակցությանը, հաղթահարած դժվարություններն ու ձեռքբերումները:
«Երախտագիտությամբ ու ակնածանքով պետք է հիշենք արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած ԵՊՀ շրջանավարտներին ու ուսանողներին` Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին, Արթուր Մկրտչյանին, Զաքար Ավանեսյանին, Ռոմա Մկրտչյանին, Սամվել Գևորգյանին և մյուս լուսահոգի հայորդիներին»,- ասաց Ա.Սիմոնյանը:
ԵՊՀ առաջին ֆակուլտետների 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արծրուն Ավագյանը` ներկայացնելով իրենց ֆակուլտետների անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու հաջողությունները:
Հանդիսության ավարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներ հանձնեց ԵՊՀ Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետների պրոֆեսորա-դասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների:
«Շնորհավորում եմ ԵՊՀ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ: Երևանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Խորհրդային և անկախ Հայաստանի կայացման գործում, և այս դահլիճում նստածներից շատերն ու ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդին»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ պատմության ֆակուլտետը գործում է ԵՊՀ-ի հիմնադրման օրվանից, սակայն մինչև առանձին դառնալը, Պատմության ամբիոնը գործել է որպես Պատմալեզվաբանական ֆակուլտետի բաժին (1920թ.): Տարբեր տարիներին ֆակուլտետի կազմում գործել են Փիլիսոփայության, Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության բաժինները, իսկ այժմ գործում են Պատմության, Հայ արվեստի պատմության և տեսության, Մշակութաբանության բաժինները: Հիմնադրման օրվանից մինչ օրս ֆակուլտետը տվել է ավելի քան 8000 շրջանավարտ, ովքեր աշխատում են մանկավարժության, գիտության, պետական, հասարակական կյանքի և այլ բնագավառներում:
Հայ բանասիրության ֆակուլտետը ևս համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից է: Նրա հիմքի վրա են կազմավորվել այսօր արդեն ինքնուրույն գործող Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին դասախոսներից են եղել հայագիտության մեծագույն երախտավորներ Հակոբ Մանանդյանն ու Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանն ու Գրիգոր Ղափանցյանը, Սիմոն Հակոբյանն ու Արսեն Տերտերյանը:
Նշենք, որ Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտներից են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան