Առողջապահական-սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը՝ ՎՊ տեսադաշտում
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրել է ոլորտում նախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
ՎՊ նախագահի գնահատմամբ, արդյունքը մեծ է եղել, ստուգումների ընթացքում բավական մեծ գումարներ են վերադարձվել պետական բյուջե, ինչպես նաև նախարարի հայեցողությամբ տնտեսված գումարներն ուղղվել են այլ ծրագրերի կատարմանը:
Իշխան Զաքարյանը հայտնել է, որ առողջապահական-սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, որոնք ռիսկեր են պարունակում, իրենց տեսադաշտում կլինեն առաջիկա 3-4 տարիների ընթացքում։
ՎՊ ղեկավարը անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունում 2013 թվականին կատարված ստուգումների արդյունքում բացահայտված թերություններին։
Նա առանձնացրել է տարբեր բուժհաստատություններում սոցիալապես անապահով կարգավիճակ ունեցող քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման ծրագրում բացահայտված խախտումը։
Պարզվել է, որ այդ անձանց համապատասխան փաստաթղթերը տարբեր գերատեսչությունների կողմից տրամադրվել են գործող կարգի խախտումներով, իսկ բուժհիմնարկները չեն կարող չընդունել դրանք։
Իշխան Զաքարյանն առանձնակի կարևորել է դեղերի խնդիրը և նշել, որ Վերահսկիչ պալատն այժմ միջազգային չափորոշիչով վերահսկողության մոդել է ներդրել. «Այժմ մենք դեղերի շրջանառության ոլորտում նոր ստուգումներ ենք իրականացնում։ Չեմ թաքցնում, որ լուրջ խնդիրներ կան թե՛ գների, թե՛ որակի և ամենակարևորը` հասցեականության ապահովման առումով»:
Առողջապահության նախարարը համագործակցության պատրաստակամությունն է հայտնել. «Վերահսկիչ պալատի կողմից բարձրացված բոլոր խնդիրները և դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկությունները հիմնականում արտացոլում են առողջապահության ոլորտում առկա իրական խնդիրները։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք դրանք շտկելու ուղղությամբ համակարգային քայլերը` համագործակցելով նաև Վերահսկիչ պալատի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա