«Բուհ ընդունվելու համակարգում հաշվի առնված չեն լսողության խանգարում ունեցող երեխաների խնդիրները»
Լսողության խանգարումներով երեխաների հատուկ կրթահամալիրն ունի նախապատրաստական բաժին, երեխաներն ընդունվում են հինգ տարեկանից, ավարտում են 12-րդ դասարանում: Կրթահամալիրն ավագ արհեստագործական դպրոց ունի, որտեղ միջնակարգ կրթությունից զատ տարբեր մասնագիտություններ են ստանում՝ գորգագործություն, կոշկակարություն, մատնահարդարում և այլն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանը:
«Երեխան դպրոցն ավարտելուց հետո արդեն մասնագիտության տեր է դառնում: Լսողության խանգարման փաստը խոչընդոտ չի դառնում, որպեսզի նա լինի հասարակության լիարժեք անդամ»,- ասաց նա:
Աշոտ Ավետիսյանը նկատեց, որ լսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսուցումը Հայաստանում կատարվում է սովորական դասագրքերով, իսկ աշխարհում հատուկ դասագքեր են օգտագործում. «Մենք օգտագործում են սովորական դասագրքերը՝ ընտրելով մատչելի նյութերը: Մեր հանրապետությունն ի վիճակի չէ այդ երեխաների համար առանձին դասագրքերի հարց լուծել»:
Նա հավելեց, որ կրթահամալիրում ուսուցումն անվճար է, իսկ դրանից հետո կան երեխաներ, որ նաև բարձրագույն կրթություն են ստանում: Ուսումնական հաստատության նախորդ տարվա շրջանավարտներից երեքն ընդունվել են Մանկավարժական համալսարան, այս տարի չորս երեխա ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, մեկը՝ Մանկավարժական համալսարան:
Խնդիրն այստեղ, ըստ բանախոսի, այլ է: Բանն այն է, որ բուհեր ընդունվելու ներկա համակարգը չի ներառում այն խնդիրները, որոնք կան լսողության խանգարում ունեցող երեխաների մոտ:
«Միասնական քնություններին նրանք դժվարությամբ են մասնակցելու, դրա համար էլ իրենք բուհերի հեռակա համակարգ են դիմում միայն: Քննություն վերցնողի հետ շփումը միայն այդ դեպքում կարող է լինել անմիջական: Միասնական քննության դեպքում, թեկուզ թարգմանչի միջոցով, շփվելու հնարավորությունը չկա»,- ասաց Աշոտ Ավետիսյանը:
Հավելենք, որ Լսողության խանգարումներով երեխաների հատուկ կրթահամալիրն ունի 133 աշակերտ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում