Air Armenia-ի ներկայացուցիչ. ՌԴ-ն չի դադարեցնելու սպասարկումը. NEWS.am
Air Armenia ավիաընկերությունը Ռուսաստանին պարտք չէ, պարզապես վճարումներ չի կատարել, քանի որ այն բանկը, որով կատարվում են փոխանցումները, սանկցիաների տակ է գտնվում: Այս մասին NEWS.am-ին ասել է ընկերության ներկայացուցիչ Սիրակ Համբարձումյանը՝ նշելով, որ ռուսական մամուլի տեղեկությունները, թե սեպտեմբերի 21-ից դադարեցվելու են թռիչքները, չեն համապատասխանում իրականությանը:
«Մեզ ոչ ոք չի արգելել թռիչք կատարել, մենք շարունակելու ենք մեր կանոնավոր չվերթները: Խնդիրն այն է, որ բանկը, որտեղ գտնվում են նրանց հաշիվները, սանկցիաների տակ է ընկել, հետևաբար մեր վճարումները տեղ չէին հասնում և վերադարձվում էին մեզ: Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիայի հետ, որ տվյալ փոխանցումները դոլարի փոխարեն կատարենք ռուսական ռուբլիով: Այս ձևով մենք կատարեցինք 200 հազար դոլարի 2 փոխանցում: Մեր երրորդ փոխանցումը կազմում էր 108 հազար դոլար, սակայն «Ամերիաբանկ»-ից մեզ գրավոր հայտնեցին, որ փոխանցում հնարավոր չէ իրականացնել: Մենք նորից համաձայնության եկանք կորպորացիայի հետ, որ նրանք կփոխեն բանկը և մեզ կտրամադրեն այնպիսի բանկի հաշիվ, որը սանկցիաների տակ չի լինի: Հետևաբար, մեզ մինչև սեպտեմբերի 21-ը պետք է տրամադրեն հաշիվները: Այնպես որ մեր ավիաընկերությունը շարունակելու է կատարել իր չվերթները դեպի Ռուսաստան»,- ասել է նա:
Ինչ վերաբերվում է ներկայացրած 1.1 միլիոն դոլարի հասնող պարտքի մասին, Սիրակ Համբարձումյանը նշել է, որ դրանք ընթացիկ պարտքեր են և նման դեպքերում սովորական երևույթներ:
Ըստ ռուսական պետական կորպորացիայի՝ իրենք երկար ժամանակ հայկական ավիափոխադրողին տարկետում էին տրամադրում ՌԴ տարածքում թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման վճարների համար: Թեպետ Air Armenia-ին տրամադրվել էին բոլոր հնարավորությունները պարտքերը մարելու համար, ավիաընկերության ղեկավարությունը գործուն միջոցներ չի ձեռնարկել պարտքային բեռը նվազեցնելու համար: