Կրթության պետական տեսչության ուսումնասիրություններով 30 տնօրեն և 100 մանկավարժ հեռացվել են
Կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը 2014-ին ուսումնասիրություններ է կատարել նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երկու ուղղություններով՝ կրթության ոլորտում օրենսդրության պահանջների և ուսման որակի խախտումներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսչության պետ Արամ Կարապետյանը հայտնեց, որ ուսումնասիրություններով ի հայտ են եկել թերությունները, որոնք ընդհանուր են բոլոր ուսումնական հաստատությունների համար:
«Օրենսդրական մասով հիմնական խախտումը տնօրենների և մանկավարժների պաշտոնին նշանակման հետ են կապված. կամ մրցույթ չի հայտարարվում, կամ նշանակված անձինք չեն համապատասխանում պաշտոնին: Օրինակ Գյումրու 22 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնասիրությունը պարզել է, որ տնօրեններից 8-ի կրթական ցենզը չի համապատասխանում պաշտոնին: Կամ կենսաթոշակային տարիքի տնօրեններ են եղել: 38 մանկավարժներ չեն համապատասխանել իրենց պաշտոնին և չեն ունեցել սահմանված չափորոշիչները»,- մանրամասնեց Արամ Կարապետյանը:
Նա նշեց, որ այս տարվա ուսումնասիորությունների արդյունքում մոտ 30 տնօրեն և 100 մանկավարժ հեռացվել են աշխատանքից: Կրթության որակի խախտումներին անդրադառնալով, տեսչության պետը հայտնեց, որ ուսումնասիրությունները կատարել են չորս առարկայից՝ հայոց և ռուսաց լեզուներ, պատմություն ու մաթեմատիկա:
«Ստուգել ենք թեստային աշխատանքներով և թելադրությունով: Այս երկու մեթոդների համեմատության պարագայում արդյունքները խիստ տարբեր են: Հասկացանք, որ գիտելիքը լավագույնս կարող է ստուգվել թելադրության միջոցով: Հատկապես ավագ դպրոցներում պատկերն ավելի վատ էր: Օրինակ մաթեմատիկայից ավագ դպրոցի անբավարարների թիվն ավելի շատ է, քան հիմնական դպրոցներինը: Թվում է, թե ավագ դպրոց ավելի խելացի երեխաներ պիտի գնային: Զարմանալի պատկեր է»,- ասաց նա:
Նշվեց, որ կրթության ոլորտի փորձագետների լուրջ պակաս կա և չեն կարողանում ճիշտ վերլուծություններ անել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում