Ջուլիան Ասանժ. Գրաքննության միջոցով Թուրքիայում փորձում են կանխել Հայոց ցեղասպանության թեմայի տարածումը (տեսանյութ)
«Թուրքիայում գրաքննությունը զարգացել է, քանի որ շատերն ուրախ էին տեսնել դա քրդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ թեմաների հետ կապված։ Հիմա դա տարածվել է ամեն ինչի վրա»,-Ստամբուլում կազմակերպված Ինտերնետ ֆորումի մասնակիցների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով ներկա է գտնվել ֆորումին, Life.panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ ի սկզբանե նախատեսված է եղել կապ հաստատել Էդվարդ Սնոուդենի հետ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառներով, Սնոուդենին փոխարինել է Ասանժը:
«Ասանժն, ընդհանուր առմամբ, քննադատեց արդի ցանցի կառավարման մեթոդները։ Այնուհետ թիրախավորեց Թուրքիային և որպես թուրքական ցանցային գրաքննության հիմք՝ նշեց քրդերի թեման և Հայոց ցեղասպանության խնդիրը, որից փորձում են խուսափել։ Նա հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ նշեց, որ հայերի ցեղասպանության խնդրից ելնելով՝ Թուրքիան փորձում է փակ պահել օսմանյան արխիվները»,-ասել է փորձագետը:
Ըստ Մարտիրոսյանի, մեկ այլ՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը ինտերնետում» կոնֆերանսի ընթացքում, երբ թուրք ցանցային ակտիվիստը ասել է, որ իրենց երկրում ազատություն չկա՝ վկայակոչելով 45.000 կայքերի և Youtube-ի արգելափակված լինելու հանգամանքը, Թուրքայի իշխանությանը ներկայացուցիչը փորձել է ներկաներին բացատրել, որ դա արվում է երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով:
«Դահլիճում բոլորը սկսեցին բարձրաձայն ծիծաղել թուրք պաշտոնյանի բերած հիմնավորումից: Թուրքիան այն եզակի երկրներից է, որտեղ խոսքի ազատության խնդիրն օրհասական վիճակում է գտնվում: Այդ հանգամանքով մտահոգված էին ֆորումին աշխարհի տարբեր երկրներից մասնակցող փորձագետները»,-հավելել է Սամվել Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան