«Անտարբերություն երեխայի, պետական ապարատի նկատմամբ». «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի բացահայտումները (տեսանյութ)
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին մատակարարող ընկերությունների միջև կնքված ութ տասնյակից ավելի պայմանագիր, ըստ որոնց իրականացվել են գնումների գործընթացը:
«Ուսումնասիրությունն ավելի ակնառու դարձրեց խայտառակ վիճակը, պետական բյուջեի նկատմամբ անտարբերությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ըստ պայմանագրերի, հացաբուլկեղենի շուկայում կա մատակարար ընկերություն, որը մրցույթը շահել է 1 բուլկու արժեքը 115 դրամով, իսկ մեկ այլ մատակարար ընկերություն՝ 50 դրամով: Որակական որևէ տարբերություն անգամ փաստաթղթերում նշված չէ: Նմանատիպ արժեքային տարբերություններ կան նաև այլ մթերքների գնման գործընթացներում:
Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի երեք մանկապարտեզներին վերամշակած հավի միս մատակարարման խնդրին, Բ. Պիպոյանն ասաց, որ մատակարար «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի հետ քաղաքապետարանը պայմանագիր կնքել է այս տարվա հուլիսի 10-ին: Ըստ պայմանագրի, նա հավի միսը մատակարարում է 1250 դրամով, հավի կրծքամիսը՝ 1550 դրամով, հավկիթը՝ 52 դրամով: Մինչդեռ, ողջ տարվա ընթացքում մրցույթների մասնակցած որևէ ընկերություն երբևէ նման գին չի առաջարկել. 1 հավկիթի արժեքը 60 դրամից ցածր գին առաջարկող չի եղել, նույնիսկ այնպիսի մատակարարների կողմից, որոնք նաև արտադրությամբ են զբաղվում: Նույնը վերաբերում է նաև հավի մսին, հավի կրծքամսին:
«Պետք է կասկած հարուցեր, թե ինչպես է այս մատակարարը նման ցածր գին առաջարկում: Եթե կասկած հարուցեր, կգնային, կհայտնաբերեին, որ վտանգավոր մթերք է մատակարարում: Այսինքն՝ քաղաքային իշխանությունների անտարբերությունը բերեց, հասցրեց այս վիճակի»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
Բ. Պիպոյանը նշեց, որ երկու գրություն է ներկայացրել կառավարություն ու սպասում է պատասխաններին: Առաջին գրությամբ խնդրում է պատշաճ տեղեկատվության տրամադրում որոշ հարցերի վերաբերյալ, իսկ արդեն երկրորդով, որն ուղարկվել է պայմանագրերն ուսումնասիրելուց հետո, ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները, անհրաժեշտ գործողությունները:
«Իրականում պատկերը մտահոգիչ է երկու կետով՝ անտարբերություն երեխաների նկատմամբ, անտարբերություն պետական ապարատի նկատմամբ: Անգամ պետական ապարատի պաշտպանության հարցում պետական կառույցները, կոնկերտ այս դեպքում Երևանի քաղաքապետարանն ու սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, շահագրգիռ չեն»,-նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: