
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Աննա Աստվածատրյան-Տուրկոտի մասնակցությունն Արցախի միջազգային ճանաչման գործում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին` նրա հոր` Նորիկ Աստվածատրյանի հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն արծարծվել են արտերկրում Արցախի պատմության ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության օբյեկտիվ լուսաբանմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Աննա Աստվածատրյան-Տուրկոտի մասնակցությունն Արցախի միջազգային ճանաչման գործում՝ այն որակելով հայրենասիրության լավագույն դրսևորում:
Նախագահ Սահակյանն արժևորել է Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հեղինակած «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը` այն համարելով ինքնատիպ աշխատանք, որտեղ արտացոլված են թե՛ պատմական իրադարձությունները, թե՛ մարդկային պատմություններ: