ԿԽՄԿ-ն Ադրբեջանի քաղաքացու հայրենադարձման վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չունի
Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի գրասենյակների աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում և Արցախում վերջին շրջանում հայտնված երկու գերիներին ու նրանց ընտանիքներին, տեղեկություններ փոխանցում:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին Panorama.am-ի թղթակցին հայտնեց, որ օգոստոսի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված նոյեմբերյանցի Սարգիս Անանյանի ընտանիքին վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 8-ին:
«Հանդիպում ենք, կապ ենք պահում ընտանիքի անդամների հետ, հաղորդագրությունների փոխանակում է նաև լինում: Մեր պատվիրակներն այցելություն արել են, ընտանեկան լուրերը փոխանակվել են»,- ասաց նա:
Արցախում հայտնված Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին վերջին անգամ Ստեփանակերտում ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են սեպտեմբերի 6-ին. «Ադրբեջանի քաղաքացու վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չունենք: Ըստ մեր ընթացակարգերի և մանդատի, մեր անկախ միջնորդի դերն առաջարկվել է, բայց հայրենադարձման վերաբերյալ այս պահի տեղեկություն չեմ կարող հաղորդել: Մենք դրա մասին կհաղորդենք, երբ տեղի ունենա այդ գործողությունը»:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստակամություն են հայտնել ադրբեջանական կողմին փոխանցել սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին: