Պոլիտեխնիկի ռեկտորի ֆեյսբուքյան էջին տիրանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան անձնական էջին տիրանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ Քրեական օրենսգրքի 254 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Այս մասին Panoramam.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 254 հոդվածի 1-ին մասը սահմանում է համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Քննչական կոմիտից նաև հայտնեցին, որ սեպտեմբերի 5-ին ոստիկանություն է դիմել համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը` հայտնելով, որ անհայտ անձը կոտրել է Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը և էջում՝ որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համալսարանի պաշտոնական կայքէջում տեղադրվել էր տեղեկատվություն, ըստ որի. «Սեպտեմբերի 5-ին ջարդվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը և նրա անունից տեղադրվել է կեղծ, մտացածին տեղեկատվություն: Այդ պատճառով ժամանակավորապես փակվել է պրն Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»: