Քառյակից առանձնանալու կամ համագործակցությունը սառեցնելու խնդիր ՀՅԴ-ն չունի. Ա. Վարդանյան
«Մենք չունենք համագործակցություն իշխանությունների հետ, այլ ունենք մեր պատկերացումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ»,- ԱԺ-ում ընթացող ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով, եթե ՀՅԴ-ն տեսնում է այդ բարեփոխումների անհրաժեշտությունը, ապա դա դեռ չի նշանակում համագործակցություն:
Ինչ վերաբերում է քառյակի ֆորմատում առկա մյուս ուժերի հետ այդ հարցի շուրջ ունեցած տարակարծությանը, Ա. Վարդանյանը նշեց. «Մենք ասում ենք` եկեք միասին քննարկենք, մշակենք ու համաձայնեցնենք մեր առաջարկությունների փաթեթը սահմանադրական բարեփոխումների մասով: Եթե մենք միասին անենք այդ փաթեթը, ապա շատ ավելի ուժեղ կլինեն մեր դիրքերը: Պարոն Ծառուկյանը ասում է բոլորովին նոր բան` ոչ այն, ինչ մինչ այժմ ասում էին ԲՀԿ ներկայացուցիչները: Եվ մեր ասածը դրա շարունակությունն է` ի՞նչն է խանգարում այս ամենին զուգահեռ մեր փաթեթը պատրաստել և դնել թե’ հանրության, թե’ իշխանությունների սեղանին: Սա տակտիկական հարց է, բայց անկախ ամեն ինչից` մենք մեր պատկերացումները շարադրելու ենք ու դնենք սեղանին»:
Նա նաև հավելեց, որ քառյակից առանձնանալու կամ համագործակցությունը սառեցնելու խնդիր ՀՅԴ-ն չունի: Տեղեկացրեց նաև, որ համագործակցությունը այդ ֆորմատում ակտիվ շարունակվում է` պատրաստվում է ՍԴ ուղարկվելիք հայցը, «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելը և այլն:
Դաշնակցական պատգամավորի խոսքով` պետությունն ու պետականությունը միայն ձև չէ, դա պետք է ունենա բովանդակություն, ինչը մենք այսօր չունենք. «Մենք խորապես համոզված ենք, որ մեր պատկերացրած փոփոխությունների պարագայում նվազեցվելու են այդ հնարավորությունները, շատ դժվար է դառնալու վերարտադրվելը և համոզված ենք մեր փոփոխությունների մեջ: Իսկ անձերն այսօր բացարձակ կապ չունեն»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցին և հարցին, թե արդյո՞ք շուտ չէ այսօր խոսել նախագահական ընտրություններից, որոնց դեռ երեք տարի կա, թե այդ ամենն ակնարկ է արտահերթ գործընթացների, Ա. Վարդանյանը հիշեցրեց հայտնի խոսքը` ընտրությունները սկսում են ընտրությունների հաջորդ օրը. «Այնպես որ, ամեն մեկը ազատ է իր նպատակները շարադրելու մեջ: Բայց նաև կա ներքաղաքական զարգացումների ազդեցությունը, որը պարարտ հող է նման նպատակների համար և այս իմաստով ոչ ուշ է, ոչ էլ շուտ»: