Agos. Թուրքական դասագրքերում պաշտոնական թեզերը չեն փոխվել. հայերը «դավաճաններ» են
Թուրքիայում սեպտեմբերի 15-ից մեկնարկում է 2014/15 ուստարին: Ուստարում նախակրթական և միջնակարգ դպրոցների համար նախատեսվող դասագրքերը հրապարակվել են Թուրքիայի Կրթության նախարարության կայքում: «Ագոս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ այս ուստարվա ընթացքում ևս աշակերտներն իրենց երկրի պատմությունը սովորելու են պաշտոնական թեզերի հիման վրա, որոնք փոփոխության չեն ենթարկվել:
Ինչպես նախորդ տարիներին, այս ուստարի ևս դասագրքերում հայերը ներկայացվում են որպես «դավաճան»: Պաշտպանվում է տեսակետը, որ ոչ թե թուրքերն են հայերին սպանել, այլ հակառակը:
Դասագրքերում շեշադրում է կատարվում 19-րդ դարից սկսված ռուսների և անգլիացների կողմից անկախության խոստումների վրա, որոնցով նրանք հրահրել են հայերին Օսմանյան պետության դեմ, իսկ 1-ին Համաշխարհայինի ժամանակ հայերի բռնի տեղահանությունը «գաղթ» բառով է բնորոշվում:
Հայերին «գաղթեցնելու» հիմնական պատճառն էլ եղել է տեղի թուրք բնակչության կոտորածը:
«Օսմանյան պետությունը հայերի և ռուսների համագործակցությունը կանխելու և կոտորածները դադարեցնելու համար հայկական ահաբեկչական կազմակերպությունները՝ Հնչակյան և Դաշնակցություն ընկերակցությունները փակեց: Բացի այդ ապահովեց պատերազմական գոտում բնակվող հայերի ժամանակավոր գաղթը Սիրիա»,-գրված է դասագրքում:
Դասագրքերում հայերը և մյուս քրիստոնյաները ներկայացվում են որպես դաշնակից պետությունների ձեռքում գործիք՝ ուղղված Օսմանյան կայսրության կործանմանը: Անգամ համարվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի կողմից ուսուցման ժամանակակից մեթոդաբանությամբ առաջին դպրոցների բացումը ավելի շատ միտված է եղել պետությանը վնասելուն, քան օգուտ տալուն:
Այս ուստարում «հայերի դեմ պայքարի» մասին տեղեկությունները աշակերտներին կներկայացվեն 8-րդ դասարանի համար նախատեսված «Թուրքիայի Հանրապետության հեղափոխության պատմությունը և քեմալականությունը» դասագրքում:
Դասագրքի «Արևելյան ճակատ» բաժնում հայերը ներկայացվում են որպես «դավաճաններ», որոնք Օսմանյան կայսրությունում հարյուրամյակներ շարունակ ապրել են խաղաղության և բարօրության մեջ:
Իսկ ահա 10-րդ դասարանի պատմության դասագրքում նշվում է, որ ապրիլի 24-ը ոչ թե հայ մտավորականների, այլ առաջնորդների ձերբակալման օրն է և այդ օրը Ստամբուլում հայկական կոմիտեները ղեկավարող 2345 մարդ էր ձերբակալվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները