Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Պտղի արհեստական ընդհատումը, հատկապես սեռով պայմանավորված, մեղք է
Պտղի բեղմնավորումը Աստծու թանկագին պարգևն է՝ արարչագործության թագն ու պսակը, անկախ սեռի պատկանելությունից, ընդգծելով մարդկային կյանքի սրբազան բնությունն ու էությունը: Մայր Աթոռում ընթացող «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովի ընթացքում նման դիտարկում արեց Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Ըստ նրա, մյուս կարևոր հանգամանքը մայրության վեհությունն ու սրբությունն է, որն արտահայտված է Աստվածամոր միջոցով, որով նաև մեծապես արժևորվում և գնահատվում է կնոջ արժանապատվությունն ու դերը հասարակության մեջ:
«Կինը, իր ուրույն տեղը և հավասար դերակատարությունն ունենալով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, չի կարող նկատվել և ընկալվել սոսկ վերարտադրողության գործիք, գործարան և միջոց: Աստվածամոր կերպարի միջոցով կինն ամբողջացնում է «Սիրո Աստվածաբանությունը» իր մայրության, անսահման սիրո, խնամքի և կարեկցանքի շնորհով: Հետևաբար, պտղի արհեստական ընդհատումը, հատկապես սեռով պայմանավորված, մեղք է և դատապարտելի հավասարապես թե կամավորապես այն գործող մոր, թե պարտադրող հոր կամ ընտանիքի և թե զանազան պատճառներով այն իրականացնող բժշկի կողմից»,- ասաց Սրբազանը:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շեշտեց, որ կարևոր և անհրաժեշտ են գործնական քայլերը բոլոր մակարդակների վրա և բոլոր միջոցներով՝ պահպանելու ընտանիքի սրբության և ամբողջականության գաղափարը, նպաստելու ներընտանեկան կյանքում տեղ գտնող արատավոր երևույթների կանխմանը և վերացմանը, ծնելիության աճի զարգացմանը, արհեստական գաղափարախոսությունների տարփողման մերժմանը, միտված լինելով «քաղաքացիական հասարակություն» ստեղծելուց ավելի «բարոյական հասարակություն» ունենալու ձգտումին:
Նախորդող հրապարակումներ՝
Գիտաժողով. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ»
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը
Գայանե Ավագյան. Եթե այսպես շարունակվի, 2030-ին Հայաստանը կունենա կրկնակի ավելի քիչ բնակչություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան