«Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան՝ մինչև տարեվերջ
Նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին մեծ էկրան կբարձրանա Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց մուլտֆիլիմի ռեժիսոր, «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն»-ի համահիմնադիր Դավիթ Սահակյանցը:
«Հասել ենք վերջին փուլին: Վերջին շեշտադրումներն ենք անում»,- նշեց նա՝ հավելելով, որ ֆինանսավորման սղության պատճառով է, որ արդեն հինգ տարի է ձգձգվում են նկարահանումները:
Նշենք, որ մի քանի օր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է մուլտֆիլմի փորձնական տարբերակով ցուցադրությունը, ներկա են եղել միայն խմբի անդամները:
«Իհարկե, դիտելուց հետո հասկացանք, որ կան սցենարներ, որոնք պահանջում են գույնի կորեկցիա, կան սցենարներ, որոնք պետք է ավելի կատարելագործենք, կան սցենարներ, որոնց պլանները փոխելու ենք: Այս դիտումը հենց այդ նպատակով էր, որպեսզի տեսնենք, թե ինչ փոփոխությունների կարիք կա»,- ասաց նա:
«Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել է դեռևս 2010 թվականին` Հայաստանի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ` այն թվով երրորդն է հայկական մուլտարտադրության մեջ` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո:
Մուլտֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց, սցենարի հեղինակները՝ Նաիրա Սահակյանց, Լյուլյա Սահակյանց, Դավիթ Սահակյանց, երկխոսությունների հեղինակները՝ Վահրամ Սահակյան, Լևոն Գալստյան: Պրոդյուսերներն են Կարեն Ղազարյան, Դավիթ Սահակյանց, Հայկ Սահակյանց: «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը, Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Բեմադրող նկարիչ` Էռնեստ Մուրադյան: Երգերը կատարում են Անուշ և Ինգա Արշակյանները, Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը: