«Gallup International Association». Հայաստանում քաղաքացիների 90%-ը վստահում է բանակին
Հայաստանում քաղաքացիների 90%-ը վստահում է հայկական բանակին, ինչը վստահության շատ բարձր ցուցանիշ է: Այս մասին ներկայացնելով «Երազախաբ Ադրբեջանը» թեմայով հարցման արդյունքները, այսօր կայացած ասուլիսում նշեց «Gallup International Association» ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Բանախոսն ասաց, որ այս տարվա օգոստոսի վերջին և հուլիսի սկզբին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո անցկացված հարցումների արդյունքները շատ տպավորիչ են: Հարցին, թե արդյոք վստա՞հ են, որ հայկական զինված ուժերը կկարողանան արժանի հակահարված տալ Ադրբեջանի ագրեսիային, քաղաքացիների 56%-ը նշել է, որ լիովին վստահ է, 34%-ը ավելի շուտ վստահ է:
«Ընդհանուր ունենք 90% վստահություն մեր բանակի հանդեպ, ինչը շատ բարձր ցուցանիշ է: 5%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ չէ, 2%-ը նշել է, որ ընդհանրապես վստահ չէ, 3%-ը դժվարացել է պատասխանել հարցին: Արդյունքները բավական ոգևորիչ էին: Իհարկե, մեզ համար սպասելի էր, սակայն երբ թվերով ես տեսնում, շատ տպավորիչ է այդ վստահության տոկոսը»,- ընդգծեց Ա. Նավասարդյանը:
Քաղաքացիները պատասխանել են նաև հարցին, թե որոնք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 40%-ը նշել է պատերազմական իրավիճակը, 35%՝ գործազրկությունը, 33%՝ արտագաղթը, 20%՝ գնաճը, 18%՝ տնտեսական վատ իրավիճակը, 17%՝ աղքատությունը և այլն: Ա. Նավասարդյանն ասաց, որ պատասխանների ընդհանուր գումարը 100%-ից ավելին է, ինչը նշանակում է, որ քաղաքացիները միանգամից նշել են մի քանի խնդիրներ:
Մեկ այլ հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի քայլերը, 24%-ը պատասխանել է, քանզի Ադրբեջանը պարտվում է բանակցային գործընթացում, փորձում է հրահրել նոր ռազմական կոնֆլիկտ, 24%-ը կարծում է, որ այդ ամենը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից, 18%-ն ասել է, որ Ադրբեջանն այդկերպ փորձում է քողարկել ներքին խնդիրները, իսկ 13%-ը ենթադրել է, թե Ադրբեջանը պարզապես օգտվում է ՀՀ ներքաղաքական իրավիճակից, իսկ 12%-ը ասել է, թե դա պայմանավորված է Ռուսաստանից և այլ երկրներից չափից շատ սպառազինություն գնելով:
Բանախոսը ներկայացրեց, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվել հետազոտությունը: Նրա խոսքով՝ հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 8-17-ն ընկած ժամանակահատվածում, հարցումներն իրականացվել են «դեմ առ դեմ» մեթոդով: Հարցվածների ընդհանուր թիվը 1067 է, հետազոտության ընտրանքային սխալը ±3%: Կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, որի առաջնային միավորներն են բնակավայրերը, ընտրվել են ՀՀ վարչատարածքային բոլոր միավորներից համամասնորեն՝ 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում, ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն՝ Երևանում 33% և մարզերում՝ 67%:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան