Հայաստանը հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով տարեկան 2000 մայր է կորցնում
«Հայաստանը հղիության սեռով պայմանավորված ընդհատումների պատճառով տարեկան 2000 մայր է կորցնում: 1500-2000 աղջիկ երեխա չի ծնվում սեռի պատճառով, և տղաներին նախապատվությունը 6 անգամ ավելի է»,-Մայր Աթոռում ընթացող «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նա մի քանի տվյալներ բերեց, որոնց համաձայն, 90-ականներին սեռերի բնական հարաբերակցությունը 102-106 տղա է եղել 100 աղջկա դիմաց, և սեռերի հարաբերակցությունը խախտվել է 1991 թվականից ի վեր:
ՄԱԿ ներկայացուցչի խոսքով, պատճառները տարբեր են. «Տղաներին գերադասում են, հասանելի են սեռը նախապես իմանալու եղանակները և զույգերը նախընտրում են քիչ երեխա ունենալ: Եթե մարդիկ նախկինում ունենում էին մինչև հինգ երեխա, հավանականությունը, որ տարբեր սեռերի երեխա կունենան, բարձր էր: 90-ականների սկզբից, երբ գերձայանային հետազոտությունները հասանելի դարձան, սեռերի անհամամասնությունը զգալի եղավ՝ 120 տղա 100 աղջկա համեմատ»:
Սեռերի հարաբերակցությունը նաև կախված է նրանից, թե նորածինն ընտանիքում որերորդ երեխան է: Ըստ տվյալների, երկրորդ և երրորդ երեխայի դեպքում 160 տղա է ծնվում 100 աղջկա համեմատ, իսկ այս թիվն ամբողջ աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
«Հայաստանում եթե նախկինում սեռով պայմանավորված հղիությունն ընդհատում էին երկրորդ և երրորդ երեխայի դեպքում, այսօր լուրջ խնդիր է արդեն առաջին և երկրորդ երեխայի դեպքում»,- հավելեց Գարիկ Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին