Գայանե Ավագյան. Եթե այսպես շարունակվի, 2030-ին Հայաստանը կունենա կրկնակի ավելի քիչ բնակչություն
1990-ական թվականների համեմատ բնական աճը Հայաստանում կրճատվել է 4,5, իսկ ծնելիությունը՝ 2 անգամ: Տվյալները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընթացող «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. Ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի, 2030-ին Հայաստանը կունենա կրկնակի ավելի քիչ բնակչություն: Գայանե Ավագյանը շեշտեց, որ սա իսկապես մարտահրավեր է և դրա վրա պետք է ուշադրություն դարձնեն բոլորը:
Ինչ վերաբերում է հղիության արհեստական ընդհատումներին, նախարարության ներկայացուցչի խոսքով, 2003-ի համեմատ 10 անգամ մեծացել է բժշկական ցուցումներով հղիության ընդհատումը. «Այդ ցուցանիշի բարձրացումը մի կողմից վկայում է պտղի խնդիրների ժամանակին բացահայտման, մյուս կողմից արատների աճի մասին»:
Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների դեմ պայքարը, ըստ Գայանե Ավագյանի, նախարարությունը կտանի սեռի մասին նախապես ինֆորմացիա չհաղորդելու միջոցով:
Նա հավելեց, որ վերջին 10 տարվա ընթացքում անպտղության կրկնակի ավելացում է արձանագրվել: