Գյուղացու աշունը. Խոտը քիչ է
Արարատի մարզի գյուղերի բնակիչները նկատել են, այս տարի խոտ գնողները շատացել են, իսկ դա նշանակում է, որ խոտը սակավ է, գինն էլ պետք է թանկացնել:
«Եզդիները եկան, դաշտից մի տու յոնջան 1200 դրամով տարան, անցած տարի 900-1000 դրամով էին տանում»,-Panorama.am-ին ասաց Տափերական գյուղի հողագործներից Մայիսը:
Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ Արծրունը Panorama.am-ին ասաց, որ անցած տարվա համեմատ այս տարի խոտը բավականին քիչ է: Մարդիկ նույնիսկ մտածում են, որ չարժի էդքան վառելանյութի և տրանսպորտի ծախս անել՝ խոտ հնձելու ու տուն բերելու համար:
«Անցած տարի մեր շրջանում 1 հակ խոտի գինը 850-1000 դրամ էր, էս տարի թակացել է, հասել է 1500 դրամի»,-ասաց Արծրունը:
Նրա խոսքով, ինքն ու համագյուղացիներից շատերը մտածում են անասուններից մի քանի հատ մորթելու մասին:
«Ձմռան ընթացքում մի կովը մոտ 125 հակ խոտ է ուտում: Ով անցած տարվանից խոտ ունի, կարա չմորթի, ով էլ չունի՝ ո՞նց պահի»,-ասաց նա:
Արագածոտնի մարզում էլ խոտի մեկ տուկը վաճառվում է 1500 դրամով: Գյուղացիներից Դավիթ Նազարեթյանի խոսքով, դժվար ընտրության առաջ են կանգնել, կամ թանկ խոտ պետք է առնեն, կամ էլ անասուններին մորթեն:
«Տղաս արտագնա աշխատանքի է: Հիմա ո՞նց կարող եմ նրա աշխատածը տալ խոտ առնել»,-մտածում է գյուղացին:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, պետք չէ միանշանակ ասել, որ խոտի բերքն այս տարի լավ չէ:
«Օրինակ, Արագածոտնում, Կոտայքում, Տավուշում, Վայոց Ձորում բավականին առատ է: Սյունիքում, Շիրակում, Գեղարքունիքում, այո, վատ է, երաշտ եղավ»,-ասաց ԳՆ պաշտոնյան:
Նրա ներկայացմամբ, հենց սա նկատի ունենալով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով հանձնարարվել է Հայանտառ ՊՈԱԿ-ի բոլոր անտառտնտեսություններին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին առանց արգելքի, անվճար և առանց սահմանափակումների անտառների խոտածածկ տարածքներում իրականացնել խոտհունձի աշխատանքներ: Նկատենք, որ նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ այլ պատճառ է նշվում՝ անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերի մեղմման համար:
Հովհաննիսյանը համոզված է, որ դա կօգնի գյուղացիներին բարդ իրավիճակից դուրս գալու համար:
Հիշեցնենք, որ խոտի դիֆիցիտ հանրապետությունում գրանցվեց 2012ին: Ա. Հովհաննիսյանն այդ ժամանակ ասաց, որ բացի եղանակային պայմաններից, պատճառը նաև անասնագլխաքանակի աճն է:
«Նախորդ տարի էլ ենք ունեցել անասնագլխաքանակի աճ: Ես հիմա մտածում եմ, որ սարերից իջացնելուց հետո մսի իրացման խնդիր կարող է առաջանալ, որովհետև բավականին շատ իրացման ենթակա կենդաններ ունենք, պահանջարկից ավելի շատ առաջարկ է լինելու: Միգուցե դժվարանան պահել ձմեռն անցկացնելու համար: Բայց բոլորն արդեն խոտ կուտակել են հիմնականում»,-վստահ ասաց ԳՆ պաշտոնյան:
Փաստորեն, շուկայի հայտնի օրենքի համաձայն, գյուղացու բախտը մսի մասով էլ չի բերի:
Նախորդող հրապարակում՝
Գյուղացու աշունը. Մեղր չկա