ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը պարզաբանել է, թե ինչու Իրանն ու ԱՄՆ-ն չեն կարող պայքարել «Իսլամական պետության» դեմ
«Իսլամական պետությունը չի կարող մոտենալ Իրանի սահմաններին, քանի որ նրա առջև կանգնած են մեր երկրի հզոր զինված ուժերը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը, անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ Իրանի և Միացյալ Նահանգների հնարավոր համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Պարզապես հնարավոր չէ այդպիսի համագործակցություն, քանի որ Իրանն «Իսլամական պետության» դեմ պայքարում է, իսկ Միացյալ Նահանգներն այդ կառուցի ստեղծողն են»:
Շարունակելով խոսքը՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը հավելել է. ««Իսլամական պետությունը» չի կարող մոտենալ Իրանի սահմաններին, քանի որ նրա առջև կանգնած են մեր երկրի հզոր զինված ուժերը»:
Հիշեցնենք, որ օրերս «BBC» լրատվական գործակալության իրանական ծառայությունը տեղեկատվություն էր հրապարակել, համաձայն որի՝ Իրանի հոգևոր առաջնորդի թույլտվությամբ՝ Իրանի ԶՈւ ներկայացուցիչներն Իրաքում «Իսլամական պետության» հարցով կարող են հանդիպել ամերիկացի զինվորականներին:
Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն, անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Այդ հարցում արդեն հայտնի է մեր դիրքորոշումը և սույն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Մարի Հարֆն էլ, իր հերթին հերքելով տեղեկատվությունը, նշել է. «Մենք ներկայում նպատակ չունենք Իրանի հետ համատեղ ռազմական գործողություններ իրականացնել կամ տեղեկատվություն փոխանակել»: