17:16 12/09/2014

Հարկային ու ֆինանսական արտոնություններ` ՏՏ ոլորտի ընկերություններին

Այս տարվա սկզբից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտասահմանյան ընկերությունների կողմից կատարված ներդրումները թռիչքային աճ են արձանագրել` նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 26 անգամ: Սա` ըստ Ազգային վիճծառայության տվյալների:

6 ամիսների ընթացքում` հունվար-հունիս ամիսներին, ՏՏ ոլորտում կատարված ներդրումները կազմել են ավելի քան 33,8 մլն դոլար, մինչդեռ 2013 և 2012թթ-ին այս ոլորտում նույն ժամանակահատվածում կատարված ներդրումները եղել են համապատասխանաբար 1,2 և 0,9 մլն դոլար:

ՏՏ ոլորտը, դեռ 2000-ական թվականներից ճանաչված լինելով որպես Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը, գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և օգտվում է որոշակի արտոնություններից:

Ներդրումների մակարդակի նման աճի գլխավոր նախապայմաններից մեկը կառավարության զգալի աջակցությունն է, որը ցուցաբերվում է այս ոլորտում աշխատող ընկերություններին: Այս տարվա ապրիլի 22-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել էր ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2014 թվականի ծրագիրը, որը մշակվել և ընդունվել էր դեռևս նախորդ կառավարության կողմից: Այս ծրագրով մի շարք այլ միջոցառումների շարքում նախատեսված էր նաև համագործակցության ծրագրեր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Նոկիան» և այլն:

Միջազգային հարթակներում մեծ հեղինակություն ունեցող ընկերությունները Հայաստանում իրականացնում են ինչպես ուսումնակրթական, փորձի փոխանակման, այնպես էլ` ներդրումային ծրագրեր: Օրերս Հայաստանի ՏՏ ոլորտում ամենաակտիվ ընկերություններից մեկի` «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչ Փիլար Թորեսին հանդիպումներ ունեցավ ՀՀ կառավարության անդամների հետ, որի ընթացքում քննարկվեցին Microsoft ինովացիոն կենտրոնի հենքի վրա «Microsoft Ventures» աքսելերատոր ստեղծելու և մոբայլ մշակումների կենտրոն հիմնելու հնարավորությունները: Այս նախագծի հաջող իրացումը հնարավորություն կտա զգալիորեն աջակցել նոր սթարթափերին թե ֆինանսապես և թե փորձով: «Մայքրոսոֆթը» Հայաստանում սթարթափերին աջակցելու բավական հաջողված փորձ արդեն իսկ ունի, իսկ նման հարթակն ավելի կընդլայնի նրա հնարավորությունները:

Կառավորությունը ներկայումս նաև նախատեսում է ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրել հարկային ու ֆինանսական արտոնություններ: Քննարկվում է ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար շահութահարկը 0%, իսկ եկամտահարկը` 10% (ներկա 24,4% և 36%-ի փոխարեն) սահմանելու հնարավորությունները: Այս արտոնություններից կկարողանան օգտվել սկսնակ, 15-ից ոչ ավելի աշխատակիցներով ՏՏ ընկերությունները և, ամենայն հավանականությամբ, դրանք կտրամադրվեն 3 տարի ժամկետով:

2013 թվականի վերջի դրությամբ ՏՏ ոլորտում ակտիվ աշխատում է ավելի քան 380 ընկերություն, որոնցում ներգրավված է մոտավորապես 10740 մասնագետ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 379,1 մլն դոլար, իսկ 2008-2012 թվականների ընթացքում այստեղ գրանցվել է 22,8% միջին տարեկան աճ:

Գոռ Ծառուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}