Հոկտեմբերին Հայաստան կայցելի Համաշխարհային բանկի հատուկ առաքելությունը. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Կերալին և երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Լորա Բեյլիին։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
«Դժար է գերագնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության երկար տարիների համատեղ անցած արդյունավետ ճանապարհը։ Ոչ միայն արդիականացվել են հիվանդանոցներն ու ամբուլատորիաները, այլև մասնագետների բազմաթիվ վերապատրաստումներով փոխվել են մոտեցումները»,-ողջունելով հյուրերին ասել է նախարարը։
Նա նաև նշել է, որ կատարված մեծածավալ աշխատանքներում, անշուշտ նաև թերություններ են եղել, որոնք չընդունել նշանակում է թույլ տալ, որ դրանք կրկնվեն։
Հենրի Կերալը Արմեն Մուրադյանին ներկայացնելով Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին` նշել է, որ Լորա Բեյլին տարբեր երկրներում աշխատանքային բավական հարուստ փորձ ունի։
Լորա Բեյլին, կարևորելով առողջապահական համատեղ ծրագրերը` հավաստել է, որ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև իրականացվող ծրագիրը բանկի ղեկավարության շրջանում բավական բարձր վարկանիշ ունի, ինչը երկրի կառավարության նվիրվածության և հանձնառության արդյունք է։
Պաշտոնավարման առթիվ շնորհավորելով ՀԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենին` նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս համագործակցությունն արդյունավետ կլինի։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ քննարկումների արդյունքներով հաղթահարել աշխատանքների ընթացքում առաջացած դժվարություններն ու խնդիրները։ Կարևորվել են մարզային հիվանդանոցների, այդ թվում` Վանաձորի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները։
Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքների բարձր որակի ապահովման նպատակով նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը մրցույթներին շինարարական ավելի մեծ թվով մասնակիցներ ապահովելու և իրազեկվածությունը բարձրացնելու համար տեղեկատվական հատուկ թերթիկ է հրատարակել ընթացակարգի, ինչպես նաև մրցույթում հաղթած շինարարական կազմակերպությունների իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ ընթացիկ աշխատանքների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԾԻԳ-ի մասնագետները յուրաքանչյուր շաբաթ կայցելեն շինհրապարակներ։
Հոկտեմբերին Հայաստան կայցելի Համաշխարհային բանկի հատուկ առաքելությունը և նախարարության հետ կքննարկեն այդ հարցը։
«Առողջապահական ոլորտի արդիականացման ընթացիկ և հեռակա աշխատանքները երկրի ղեկավարների խիստ ուշադրության կենտրոնում են»,-ասել է Արմեն Մուրադյանը` նշելով, որ քննարկվում են ծրագրերը մինչև վերջ կատարելու և եղած միջոցներն ամենաարդյունավետ ձևով տնօրինելու հնարավորությունները։
Նախարարը ներկայացրել է նաև հոգեբուժական ծառայության բարեփոխման ուղղությամբ մոտեցումները` ակնկալելով բանկի աջակցությունը։ Կարևորելով ծառայության սոցիալական ուղղվածությունը` նա նշել է, որ ոլորտի բարեփոխումը նախարարության հեռանկարային ծրագրի առաջնային խնդիրներից մեկն է։
«Հաշվի առնելով Համաշխարհային բանկի հետ համագործակցության մեծ փորձն ընտանեկան բժիշկների ինստիտուտի կայացման, ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և ամբուլատորիաների արդիականացման գործում, կարծում եմ, որ այստեղ ևս կարող ենք լուրջ ձեռքբերումներ ունենալ»,-ասել է նախարարը։ Նշվել է, որ դրան մեծապես կնպաստի նաև էլեկտրոնային առողջապահական համակարգը, որը կներդրվի մեկ տարվա ընթացքում։
«Համաշխարհային բանկն ուշագրավ ծրագրեր ունի բնակչությանն առողջ պահելու ուղղությամբ, և կարծում եմ, առաջիկայում մեր թիմերն այդ ուղղությամբ համատեղ արդյունավետ շատ ծրագրեր են իրականացնելու»,-ասել է Լորա Բեյլին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա