ԲԱՄՕ-ի սեփականատերը ցանկանում է բիզնես գործունեություն ծավալել Գերմանիայում. «Ժողովուրդ»
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում ծնված Մուրադյան եղբայրներին պատկանող ԲԱՄՕ ընկերությունը, ինչպես հայտնի է, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ռուսաստանի Դաշնությունում նրանց ունեցած գրեթե բոլոր բիզնեսները տապալվել են: Ու երբ 2013 թվականի դեկտեմբերին Մոսկվայի կենտրոնում դանակի բազմաթիվ հարվածներից մահացավ եղբայրներից Հովիկ Մուրադյանը, նրանց գործերն առավել խճճվեցին: Այս տարվա օգոստոսի 21-ին էլ վարկը չմարելու պատճառով ՀՀ կառավարությունը ԲԱՄՕ-ից վերցրեց Հայաստանում մնացած գրեթե միակ խոշոր ունեցվածքը՝ Մարզահամերգային համալիրը: Եվ ահա տեսնելով, որ Ռուսաստանում և Հայաստանում օղակը սեղմվում է Մուրադյանների շուրջ, նրանք որոշել են այլ երկրում հաստատվել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Իրաքի նախկին դեսպան Մուրադ Մուրադյանն այժմ էլ տեղափոխվել է Եվրոպա` ավելի կոնկրետ` Գերմանիա: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ ԲԱՄՕ-ի սեփականատերն այժմ էլ նպատակ ունի բիզնես գործունեություն սկսել Գերմանիայում: Եվ այդ հարցում նրան օգնում են դեսպան եղած ժամանակ ձեռք բերած կապերը: