«Բելառուսը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է»
Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ նշելով, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար կարևոր հարթակ է հանդիսանում խորհրդարանական ձևաչափը: Շարմազանովն այս համատեքստում կարևորել է երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որը կատարել է բավարար աշխատանք: Այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Գումինսկին իր հերթին նշել է, որ Բելառուսը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է:
Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու 2015 թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Վիկտոր Գումինսկին իր հերթին կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն արդեն 10 տարի արդյունավետ գործում է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա ընդգծել է, որ խորհրդարանականներն իրենց հերթին պետք է ամեն ինչ անեն, որ նման ողբերգություններն այլևս չկրկնվեն: