Ոչ թե Սիլիկոնային, այլ հայկական հովիտ. Գյումրու տեխնոպարկի պաշտոնական բացումն է
Խոշոր ընկերությունները ոչ միայն Գյումրին, այլև Հայաստանը չեն դիտարկում իբրև ռիսկային գոտի: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանն ընդառաջ, որին ներկա է գտնվելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի տեխնոպարկի ստեղծումը, ըստ ՀՀ կառավարության որոշման, Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու լայնածավալ ծրագրի մի մասն է, որը միտված է նպաստել Հայաստանի երկրորդ քաղաքի զարգացմանը` վերածելով այն ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած գոտու:
Միևնույն ժամանակ Տեխնոլոգիական կենտրոնի բացումն, ըստ Բ.Ենգիբարյանի, ամենևին էլ չի նշանակում, թե ցանկություն կա Գյումրին վերածելու Սիլիկոնային հովտի:
«Մենք չենք ուզում Սիլիկոնային հովիտ, այլ հայկական հովտի ենք ուզում վերածել: Եվ արդեն նախանշաններ կան տարածաշրջանում կարևոր տեխնոլոգիական կենտրոն դառնալու»,- տեղեկացրեց Բ.Ենգիբարյանը:
Նրա խոսքով` կյանքի են կոչվելու և կարևորվում են որոշ ծրագրեր, որոնք միակն են Հայաստանում: Օրինակ` մաքուր էներգիայի ձևավորումը, որը հնարավորություն կտա նոր ոլորտի զարգացում Հայաստանում և ամենից զատ կբերի նաև բնակչության կողմից էներգախնայողության:
Նշենք, որ արդեն ավարտվել են կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները, իսկ կենտրոնը գործարկվել է դեռ հունվարին: Կենտրոնը հագեցած է գրասենյակային և ընդհանուր օգտագործման տարածքներով, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներով ու լսարաններով:
Ինչպես տեղեկացրեց Բ.Ենգիբարյանը` կենտրոնի նպատակն է տրամադրել տեխնոլոգիական աջակցություն և ինկուբացիոն ծառայություններ Գյումրու տարածաշրջանի ինչպես գործող, այնպես էլ սկսնակ կազմակերպություններին և ձեռներեցներին` խթանելով վերջիններիս զարգացումը և ներքին ու արտաքին շուկաներ մրցունակ արտադրանքի դուրսբերումը: Տեխնոլոգիական կենտրոնում, ի դեպ, հնարավորություն է ստեղծված նորարարության ու տեխնոլոգիաների աշխարհից կտրվել` արվեստը ևս հարգի է այս պատերում: Այս պահին էլ կենտրոնի ցուցասրահում ներկայացված են Շիրակի մարզի երիտասարդ ու փոքրիկ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա