ՀՀ ոստիկանապետ. Թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ
«Կարող եմ հումորով պատասխանել՝ թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Կարող եմ ասել այնպես, ինչպես մտածում եմ. ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի, պետք է ամեն ինչ լինի տրամաբանության մեջ, ամեն ինչ լինի օրենքի սահմաններում»,-«Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի ուսումնական զորավարժության ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին քաղաքական ուժերի կողմից խոստացված թեժ աշնան վերաբերյալ, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ եթե թեժ աշունները օրենքի խախտումներով լինեն, չի հանդուրժելու, որովհետև գիտի՝ ինչ է նշանակում խժդժություն, պատերազմ, ինչ է նշանակում կորուստներ՝ պատերազմի ժամանակ:
«Միանշանակ գիտեմ, որ ներքին ստաբիլ վիճակի խախտումը ուղղակի կախված է մեր սահմանի հետ: Ես դա գիտեմ, բանակից եմ, գիտեմ ամբողջ տեխնոլոգիան: Երբեք չեմ հանդուրժի, որ իմ երկրի մեջ իրար կոտորեն, սպանեն, հակառակորդն էլ դրանից օգտվի: Բայց չտա Աստված, որ որևէ մեկն ուզենա երկրի ճակատագրի հետ խաղալ սեփական փառասիրության, հարստության, ռևանշիզմի և այլնի համար: Ամեն ինչի համար կա օրինական ճանապարհ»,- ասաց ՀՀ ոստիկանապետը:
Նա ընդգծեց, որ ցանկացած օրինախախտ, ոստիկանի հանդեպ որևէ ոտնձգություն խստագույնս կպատժվի:
Վ. Գասպարյանը նաև ասաց, որ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ոստիկանությունը տիրապետում է քաղաքական տրամաբանությանը, քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակներում մշակում է իր համապատասխան օպերատիվ կանխպարգելիչ միջոցառումները:
ՀՀ ոստիկանապետը նշեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, բայց համարում է իրեն պետական գործիչ, որովհետև մտածում է սերունդների մասին: «Չունեմ քաղաքական շահ, ունեմ օրենքի գերակայության շահ, իսկ օրենքի գերակայության, գոնե ինձ վստահված սահմաններում, ես կհասնեմ դրան, որ օրենքը գերակայի, այլ ոչ թե թայֆայաբանությունը, զոռբայությունը և այլն: Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ, որովհետև իմ նպատակն արդար է: Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, իմ քաղաքականությունն իմ երկիրն է, մեր ընտանիքները, մեր երեխաները, օրինապաշատ քաղաքացիները»,- ասաց ոստիկանապետ Վ. Գասպարյանը: