Ի՞նչ սպասել Ռուսաստանին ուղղված Իսլամական պետության զինյալների սպառնալիքներից
Հյուսիսային Կովկասում պատերազմ հրահրելու Իսլամական պետության զինյալների՝ Մոսկվային ուղղված սպառնալիքներն այս պահին չեն իրագործվի, դրանք այլ նպատակ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա նկատեց, որ Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի՝ մուսուլմաններով բնակեցված ամենամեծ շրջանն է: Այս կառույցի շրջանակներում այդ հատվածներից մեծ թվով մարդիկ կան, ինչը, արաբագետի խոսքով, լուրջ ներուժ է, և կոնկրետ թիրախավորման դեպքում կարող են լուրջ գործողություններ իրականացնել:
«Այդպիսի գործողության միտումներ կան, սակայն առայժմ հնարավորություններն են բացակայում: Առավելագույն բանը, որ կարող է անել այդ կառույցը Ռուսաստանի, ինչպես նաև արտաքին մյուս ուժերի դեմ, ահաբեկչական գործողությունն է»,- ասաց Արմեն Պետրոսյանը:
Ըստ արաբագետի, նման հայտարարության հիմնական նպատակը մշտապես ռեյտինգային թեմա ստեղծելն է թե ԶԼՄ-ների, թե դիվանագիտական դաշտում. «Սա է պատճառը, որ անընդհատ լսում ենք բարձրագոչ սպառնալիքների ու դաժան գործողությունների մասին: Իսլամական պետության կառույցի վերահսկողության տարածքում ոչ մի լրագրող չկա, իրանության մասին հստակ պատկերացնում չունենք, թեև ամբողջ աշխարհը շատ լավ տեղյակ է նրանց վայրագությունների մասին: Սա նրանց կողմից գործելաոճ է, որի նպատակը համայն աշխարհի ուշադրության կենտրոնում լինելն է»:
Անդրադառնալով Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի կողմից լիարժեք միջազգային կոալիցիա ձևավորելու փորձերին, Արմեն Պետրոսյանը նկատեց, որ դեռևս լուրջ արձագանք չի լսվել, անգամ Մեծ Բրիտանիան, Գերմանիան չեն խոսում ԱՄՆ ռազմական հարվածնմերին աջակցելու մասին:
«Կոալիցիայի կողմից կա թերահավատություն, որ դրանով սկիզբ կդրվի բավական երկարատև նոր պատերազմի: Դրա պատճառով բուն ռազմարշավին մասնակցելու խոստում չի հնչել»,- ասաց բանախոսը:
Արմեն Պետրոսյանը հավելեց, որ ադրբեջանցի հարյուրավոր զինյալներ մասնակցում են թե Սիրիայում, թե Իրաքում այս ծայրահեղ կառույցների գործողություններին: