«Էկոխնձորիստան». էկոգյուղերի ցանց՝ Արցախում
Արցախում առաջին անգամ հիմնվել է էկոգյուղերի ցանց՝ «ԷկոԽնձորիստան» անվանմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը:
«ԷկոԽնձորիստան» Էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնության նպատակն է նպաստել ԼՂՀ Խնձորիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում էկոգյուղի համար ընդունելի գործունեության զարգացմանը:
«Էկոգյուղի հիմնական չափանիշներն են՝ էկոկրթությունը, օրգանական գյուղատնտեսության չափանիշներին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի ստացումը, աղբի տեսակավորման, վերամշակման և էներգախնայողության խթանումը, էկոտուրիզմի և ագրոտուրիզմի զարգացումը», -նշեց Արսեն Գասպարյանը:
Նա տեղեկացրեց, որ նախագիծն արդեն պատրաստ է, սակայն ֆինանսական խնդիրն է կարևոր լուծել. «Այլ երկրներից գումար չենք կարող հայթայթել, բայց մենք դրամահավաքներ կկազմակերպենք: Այս երեք համայնքներում ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 80-100 հազ. դոլար»:
Նա նշեց, որ նոր շինություններ չեն կառուցելու, այլ փորձելու են իրականացնել եղածի հիման վրա, որպեսզի այս մոդելը կիրառելի լինի նաև այլ գյուղերի համար:
Նախաձեռնությանը միացել են շուրջ 20 հասարակական կազմակերպություններ Հայաստանից ու Արցախից և 70 անհատներ:
«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանն էլ ավելացրեց, որ իրենք հանդիպել են ԼՂՀ վարչապետին, ով խոստացել է աջակցել ծրագրին, նաև ֆինանսական որոշ միջոցներ տրամադրել: