Գյուղացու աշունը. Ցուրտը վնասել էր խաղողը
Արարատի մարզի խաղողագործները սեպտեմբերի առաջին օրերից սկսել են բերքահավաքը: Նախորդ տարիներին բերքահավաքը սկսվում էր սեպտեմբերի 20-ից հետո:
«Ֆրանսիացիներն էս տարի շուտ են ուզել: Մթերման գինը անցած տարվա համեմատ 5 դրամով ավելացել է, բայց խաղողը քիչ է: Գարնան ցուրտը վնասել է այգիները»,-Panorama.am-ին ասաց Արարատի մարզի խաղողագործներից Տիգրանը:
Նրա խոսքով, անցած տարի 17 շարքից ստացել է 13 տոննա խաղող, իսկ այս տարի՝ 10.5:
«Հողի հարկ, ջրի հարկ, սրսկման դեղեր, աշխատուժը թանկացել է, մի աշխատողին օրական 5 հազար դրամ փող ենք տալիս, բերքը պակասել, գործարան հասցնելու համար տրակտորիստի փողը… Գալիս է աշունը, հավաքում ես, տեսնում ես, տակը բան չմնաց»,-ասում է գյուղացին:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Եղեգնաձորում գտնվող խաղողի իր այգուց 50 տոկոսով ավելի քիչ բերք է հավաքելու, քան նախորդ տարի:
«Եթե գարնան ցրտահարությունը չլիներ, մենք մի 30 տոկոսով ավել խաղող կունենայինք: Անցած տարի ունեցել ենք մոտ 165 հազար տոննա խաղող, այս տարի մոտ 175 տոննա խաղող կլինի, աճը ապահովվելու է Արարտյան դաշտավայրի նորատունկ այգիների շնորհիվ»,-ասաց Գինեգործների միության նախագահը:
Ինչ վերաբերում է բերքահավաքը շուտ սկսելուն, ապա նա բացատրեց, որ ֆրանսիական կոնյակը մյուսներից տարբերվում է այն բանով, թե երբ են քաղում խաղողը:
«Հայերը բերքահավաքը միշտ ուշ են սկսել: Ֆրանսիացիներն ասում են կոնյակի համար խաղողի լավագույն շաքարայնությունը պետք է լինի 17-18, հայերն էլ միշտ ասել են՝ 19-21, նույնիսկ մինչև 23»,-Panorama.am-ին ասաց Ա. Հարությունյանը:
Նրա կարծիքով, մի քանի գործոններ հաշվի առնելով ճիշտ է, երբ խաղողը շուտ են հավաքում. հողն է հանգստանում, գյուղացիները բերքից շուտ են ազատվում, բերքի կորուստն է քիչ լինում, կոնյակի համար ավելի որակյալ խաղող է լինում:
Ինչ վերաբերում է գինիին, ապա Ա. Հարությունյանը, ստեղծված վիճակը «կատաստրոֆիկ» որակեց:
«Խաղողի բերքի 90 տոկոսը մթերվում է կոնյակի համար, 10 տոկոսը՝ գինու: Էդ 10 տոկոսը պահելը շատ դժվար է, պահակությունը թանկ է նստում, կորուստը շատ է լինում, մի խոսքով, գյուղացիները նախընտրում են հավաքել կոնյակի համար, արդյունքում գինու կորուստ ունենք»,-ասաց Ա. Հարությունյանը, միաժամանակ ընդգծելով, որ հայկական գինու որակը գնալով բարձրանում է, քանի որ գինեգործները պահանջում ու մթերում են որակյալ խաղող:
Նախորդող հրապարակումներ՝
Գյուղացու աշունը. Կարտոֆիլի ռեկորդային ցուցանիշները չեն պահպանվի
Գյուղացու աշունը. Խոտը քիչ է
Գյուղացու աշունը. Մեղր չկա