Վիկտոր Գումինսկի. Ենթադրվում է, որ հենց Մինսկում կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության ճանապարհին կգտնվի բոլոր գոյություն ունեցող խոչընդոտների վերացման ընդունելի տարբերակը: «News.am»-ի փոխանցմամբ` գործակալության և Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին:
Վերջինիս խոսքերով` պաշտոնական Բելառուսն ամեն ինչ անում է, որպեսզի հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին վավերացվի ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին նախագիծը:
Վիկտոր Գումինսկին նշել է, որ ենթադրվում է, որ հենց Մինսկում կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին:
«Այժմ պայմանագրի նախագիծը Մինսկում օրենսդրական ընթացակարգեր և փորձաքննություն է անցնում: Մոտ ժամանակներս այն կտրամադրվի Նախարարների խորհրդին, վերջինս էլ կներկայացնի խորհրդարանին` վավերացման», - ասել է Վիկտոր Գումինսկին:
Անդրադառնալով պայմանագրի վավերացման ժամանակային շրջանակներին` բելառուսական խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակը ընդգծել է, որ Բելառուսի Ազգային ժողովը նպատակ ունի և բոլոր քայլերը ձեռնարկվում են, որպեսզի նստաշրջանի սկզբին նախագիծը Նախարարների խորհրդի կողմից ներկայացվի Ներկայացուցիչների պալատին, և վերջինս էլ վավերացնի այն: Վիկտոր Գումանսկում խոսքով` Ներկայացուցիչների պալատի նստաշրջանը մեկնարկում է հոկտեմբերի 2-ին:
«Մենք միշտ կողմ ենք եղել ինտեգրացիոն գործընթացներին. Հայաստանը և ՀԱՊԿ, և ԱՊՀ անդամ է, և մենք միայն կողմ ենք այս միությունում ևս միասին լինելուն: Հայաստանը նման ցանկություն ունի, ցանկություն ունի նաև Բելառուսը, և անկասկած, մենք կողմ ենք այս ինտեգրացիոն գործընթացի խորացմանը», - նշել է Վիկտոր Գումինսկին:
Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցության շուրջ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի միջև առկա հակասություններին, Գումինսկին համազվածություն է հայտնել, որ բոլոր գոյություն ունեցող խոչընդոտների վերացման ընդունելի տարբերակները կգտնվեն:
«Ես գիտեմ, որ կան որոշակի պահեր, որոնց շուրջ աշխատանքներ են տարվում, առաջին հերթին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Ես պարզապես համոզված եմ, որ կգտնվի բոլոր գոյություն ունեցող խոչընդոտների վերացման ընդունելի տարբերակը»,- ասել է Վիկտոր Գումինսկին: