Հրաչիկ Բաբայանը` աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն
Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է աշխարհի հրաձգութան 51-րդ առաջնությունը, որը տեղի է ունենում 4 տարին մեկ՝ օլիմպիական խաղերի միջակայքում, որում, ինչպես արդեն նշել ենք, բացի մեդալներից ստուգատեսին մասնակցող 94 երկրի 2000 հրաձիգներ պայքարում են նաև 2016 թ. օլիմպիական խաղերի 64 ուղեգրի համար: Մասնակից հայ հրաձիգներից 7-ը, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են: Աշխարհի առաջնությունը հրաձգության առաջին մրցաշարն է, որում խաղարկվում են «Ռիո-2016»-ի ուղեգրեր, և մեր պատանիները դեռ ժամանակ ունեն` մեծահասակների հետ ուժերը չափելու և օլիմպիական ուղեգրեր նվաճելու փորձ կատարելու համար:
Երեկ` սեպտեմբերի 14-ին, Հրաչիկ Բաբայանը 10 մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում հավասարը չուներ որակավորման փուլում: 78 մրցակիցների շարքում Հրաչը 624,9 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Հրաչին 624,1 միավորով հետևում էր ֆրանսիացի Լորենցո Բուֆֆարդը, 3-րդը` 623,7 միավորով չինացի Ցե Վանգը, 4-րդը՝ 623,2 միավորով կրկին չին Պենգ Վյուն, 5-րդը ՝ 623,0 միավորով ռուս Եվգենի Պանչենկոն, 6-րդը՝ 622,9 միավորով ֆրանսիացի Ալեքսիս Ռայնաուդը, 7-րդը՝ 622,8 միավորով ռուս Վլադիմիր Մասլեննիկովը և 8-րդը՝ Բրայան Բադուին: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Լավագույն ութնյակն այսօր` սեպտեմբերի 15-ին, մասնակցել է եզրափակիչ փուլին: Եզրափակչի արդյունքում 1-ին տեղը գրավել է ռուս Վլադիմիր Մասլեննիկովը` 206,8 միավորով, իսկ 2-րդ տեղը` Հրաչիկ Բաբայանը` 205,7 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է ռուս Եվգենի Պանչենկոն` 185,3 միավորով:
Պատանեկան օլիմպիական խաղերի և արդեն աշխարհի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 14-ին 10 մ, վազող թիրախ՝ խառը վազք (20+20 կրակոց) տղաների թիմային պայքարում հայկական եռյակը` Ռազմիկ Մինասյան, Հովհաննես Խաչատրյան և Շանթ Սարգսյան, արժանացել է բրոնզե մեդալի: Ռազմիկ Մինասյանի և Շանթ Սարգսյանի անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը, գյումրեցի Հովհաննես Խաչատրյանի անձնական մարզիչն է Էդիկ Գաբրիելյանը:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականը ողջ կազմով մրցելույթները կշարունակի վաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները