Քաշաթաղի Աղավնո գյուղում 50 տուն է կառուցվում
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին այցելել է Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղ, որտեղ «Արցախ րութս ինվեսթմենթ (ԱՐԻ)» ընկերության միջոցներով կառուցվում է 50 տուն: Այս մասին տեղեկացնում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աղբյուրի փոխանցմամբ, ընկերության՝ Լիբանանից Արցախ ժամանած շուրջ 70 փայատերերի հետ Ա. Հարությունյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին և մասնակցել ծրագրի ներկայացման պաշտոնական արարողությանը:
Անդրադառնալով Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում կառավարության կողմից իրագործվող զարգացման ծրագրերին, վարչապետն ասել է. «Իշխանաձորում արդեն ընթանում են 28 տների շինարարական աշխատանքները, որտեղ նախատեսվում է կառուցել ավելի քան 100 բնակարան: Բազմազավակության ծրագրով ևս նոր տներ ենք կառուցել, իսկ վերաբնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով մի քանի հարյուր միլիոն դրամի շինանյութ ենք տրամադրել նրանց: Բացի այդ, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների շինարարությունն իրենց նշանակալի տեղն ունեն շրջանների զարգացման ծրագրերում: Աղավնո գետի վրա արդեն կառուցել ենք հինգ փոքր հիդրոէլեկտրակայան, և նմանատիպ նախագծեր կան նաև այլ գետերի հետ կապված: Համոզված եմ, որ այս ծրագրերը հնարավորություն են տալու շրջանին առաջանցիկ տեմպերով զարգանալ»:
Այժմ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում «ԱՐԻ»-ն կառուցում է 50 տուն Գորիս-Բերձոր ճանապարհի վրա գտնվող Աղավնո գյուղում, որոնք տրամադրվելու են տեղի բնակիչներին: Իսկ հաջորդ փուլերում կառուցվելու են ևս 100 տներ, որոնք հատկացվելու են հիփոթեքային արտոնյալ պայմաններով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան