ԱՄՆ-ն կփորձի «Իսլամական պետությունը» ոչնչացնել արաբական դաշնակիցների օգնությամբ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում կարողացել է հասնել արաբական 10 պետությունների մասնակցությամբ՝«Իսլամական պետության» դեմ ռազմաքաղաքական կոալիցիայի ձևավորմանը: Ջիդդայում ստորագրված փաստաթղթի համաձայն, կոալիցիայի մեջ մտնող երկրները պետք է համատեղ պայքարեն «Իսլամական պետության» դեմ, թույլ չտան իսլամիստների ֆինանսավորումը և զինումը, ինչպես նաև փոխանակվեն հետախուզական տվյալներով:
Իսլամական պետության դեմ միավորվում են ԱՄՆ-ի դաշնակիցները
Ջիդդա քաղաքում տեղի ունեցած համաժողովին մասնակցել են Պարսից ծոցի երկրների, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները: Պարսից ծոցի երկրները, մասնավորապես Սաուդյան Արաբիան և Քաթարը մինչ այդ ակտիվորեն ֆինանսավորում էին իսլամականներին Սիրիայում՝նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարելու և Իրանի տարածաշրջանային ազդեցության մեծացումը զսպելու նպատակով: Այժմ նրանք գիտակցեցին, որ այդ իսլամիստները վտանգ են ներկայացնում իրենց տարածաշրջանային շահերին, մասնավորապես Իրաքում, բացի այդ, նրանց ռազմավարական դաշնակից Վաշինգտոնը օդային հարվածներ է հասցնում Իսլամական պետությանը և նոր կոալիցիա ձևավորում ջիհադականների դեմ:
Պարսից ծոցում ԱՄՆ-ն կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք, որը կարող է օգտագործվել Իսլամական պետության դեմ պայքարելու համար: Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ: Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:
Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները: Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:
Շատ հաճախ, Պարսից ծոցի այդ երկրներին անվանում են մինի-ՆԱՏՕ՝Վաշինգտոնի հետ ունեցած սերտ ռազմաքաղաքական համագործակցության համար: Բացի ծոցի երկրներից, ԱՄՆ-ը ռազմակայան ունի Թուրքիայի տարածքում՝Ինջեռլիք, ինչպես նաև շարունակում է ակտիվորեն զինել և ռազմական փորձագետներ ուղարկել Իրաք՝ կառավարական ուժերին աջակցելու համար:
Մերձավոր Արևելքում Իսլամական պետությունը վերածվում է ազդեցիկ գործոնի
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխել է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:
Այդ կազմակերպությունը լավ զինված է և նրա մարտիկները վերահսկում են Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Նրանք նավթ են արդյունահանում այն շրջաններում, որոնք վերահսկում են և գումարներ են գանձում 8 միլիոն բնակչությունից:
Ջիհադականները գումարներ են գանձում քրիստոնյաներից և ազգային ու կրոնական այլ փոքրամասնություններից՝ նրանց ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար: Սիրիայում խմբավորումը վերահսկում է 8 գազային և նավթային հանքեր՝ Ռաքքա և Դեյր-էզ-Զորի շրջաններում: Իսլամիստները սիրիական և իրաքյան նավթը վաճառում են մեկ բարելը 26-35 դոլարով՝թուրք, լիբանանցի, սիրիացի գործարարներին:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով, Իրաքում «Իսլամական պետության» մարտիկների թիվը 3 անգամ գերազանցում է նախորդ տվյալները:
Սիրիայում և Իրաքում ջիհադականների թիվը կազմում է 20.000-30.000: Ջիհադականների թվի աճը կապված է խալիֆայության հռչակումից հետո նոր անդամներ ընգրկելու ակտիվ քաղաքականության հետ:Մինչ այդ, ԱՄՆ-ը կարծում էր, որ ջիհադականների թիվը հասնում է 10.000-ի:
Իրանը կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի ձևավորած կոալիցիայի արդյունավետությունը
Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի կողմից ձևավորված կոալիցիան չունի տարածաշրջանային խնդիրները վերածելու ոչ մի տրամաբանություն:
Լարիջանին նշել է, որ Վաշինգտոնի նախաձեռնությունը վերացնել Իսլամական պետությունը ոչ միայն չի հանգեցնի արդյունքի, այլ ատելություն կսերմանի ողջ տարածաշրջանում: Խոսնակը հայտարարել է, ԱՄՆ-ը չկարողացավ հասնել իր նպատակներին ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի միջոցով ու այժմ նրանք կոալիցիա են ձևավորում Սիրիայի դեմ, ինչպես ժամանակին ձևավորել էին Իրանի դեմ:
Իր հերթին, Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազաիրին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի համագործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում անհնարին է: Նրա խոսքով, դա հնարավոր չէ, քանի որ Իրանը իրոք պայքարում է Իսլամական պետության դեմ, իսկ ԱՄՆ-ը կանգնած է այդ կազմակերության ստեղծման ակունքներում:
Ջազաիրիին նշել է, որ իսլամական խմբավորումը չի համարձակվի մոտենալ Իրանի սահմաններին, քանի որ կբախվի Իրանի ԶՈւ-իր հզորությանը:
Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է ռմբակոծել Իսլամական պետության հենակետերը Սիրիայի տարածքում:
Սիրիան համարվում է Իրանի ռազմավարական դաշնակիցը և Թեհրանը շգուշանում է, որ իսլամականների դեմ պայքարի պատրվակի ներքո Վաշինգտոնը կփորձի տապալել Ասադի վարչակազմը և այդ երկրում իշխանության բերել հակաիրանական ուղենիշներ դավանող քաղաքական թիմ:
Արտյոմ Բալասանով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում