«Հայաստանը շարունակում է համաշխարհային հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար»
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ուղերձ է հղել Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 16-ին ողջ աշխարհում նշվում է Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը: Օզոնային շերտի պաhպանությունը համամարդկային խնդիր է, որի լուծման համար չափազանց կարևոր է բոլոր պետությունների դերը: Օզոնային շերտը թեև կազմում է մթնոլորտի խտության ընդամենը 1/10000 մասը, սակայն նրա պաշտպանիչ նշանակությունը կենսոլորտի համար անգնահատելի է, այն կլանում է արեգակից դեպի Երկիր մոլորակ եկող ուլտրամանուշակագույն վտանգավոր ճառագայթների զգալի մասը և, կարծես վահան, պաշտպանում կենդանական և բուսական աշխարհը:
Հայաստանի Հանրապետությունը, 1999 թվականի ապրիլի 28-ին միանալով «Օզոնային շերտի մասին» Վիեննայի կոնվենցիային և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը, իր արժանի ներդրումն է կատարում օզոնային շերտի պահպանության գործում՝ անմասն չմնալով այդ կարևորագույն առաքելությունից: 2006թ. օզոնային շերտի պահպանության առաքելությունը մեր երկրում իրավական ուժ է ստացել` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքով, իսկ 2007-ին` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով: Օզոնաքայքայիչ նյութերի օգտագործման փուլային փոխարինումն օգնում է օզոնի շերտի պահպանությանը ներկա և ապագա սերունդների համար:
Միջազգային հանրության ջանքերը ներկայում ուղղված են նաև օզոնային շերտի վերականգնմանը և ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը, ինչը նպաստում է մարդու առողջության և էկոհամակարգի պահպանությանը:
Դեռևս շատ անելիքներ կան, և Հայաստանը շարունակում է համաշխարհային հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար: Պահպանենք օզոնային շերտը, չէ՞ որ այն պահպանում է մեզ»,-ասված է նախարարի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա