Բերբերյան. «Էդ ջիպերը պատահական չեն ոռոգման համակարգի ղեկավարների տակ դրած»
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այն համոզման է, որ ոռոգման ոլորտի պատասխանատուների սխալ աշխատանքի հետևանքով գյուղատնտեսությունը շատ է տուժում:
«Այդ համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Վաղուց էր պետք ազատել ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարին»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում Անդրանիկ Անդրեասյանին վարչապետի որոշմամբ փոխարինեց Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Հրաչ Բերբերյանի խոսքով, եթե կոմիտեի նորանշանակ նախագահը բանիմաց լինի, ապա շատ հեշտ է ոլորտը խելքի բերել:
«Պետք է մրցունակություն ապահովել: Մենք այսօր ունենք շատ համայնքներ ու ֆերմերներ, որոնք պատրաստ են առանց ՋՕԸ-ների ջրառի պայմանագիր կնքել, ինչը օրենքը թույլ չի տալիս: Դա արհեստական մոնոպոլիա է ստեղծել, դա անընդունելի է: Ես ՋՕԸ-ի դեմ որևէ բան չունեմ, թող աշխատեն, բայց դրանց փոխարինող մի համակարգ էլ պետք է լինի՝ մրցակցության ապահովման համար»,-ասաց մասնագետը, նկատելով, որ այդ դեպքում նաև ոռոգման ջրի գինն ավելի ցածր կլիներ գյուղացու համար:
Միավորման նախագահը հենց արհեստական մոնոպոլիայի արդյունք է համարում համակարգի աշխատողների դիզած հարստությունը. «Էդ ջիպերը պատահական չեն ոռոգման համակարգի ղեկավարների տակ դրած»:
Հիշեցնենք, որ ավելի նախորդ հրապարակումներից մեկում Բերբերյանը սխալ էր համարել ջրամբարների վրա հէկ տեղադրելու թույլտվություն տրամադրելը, ավելին նա կարծում է, որ այդ մարդիկ պետք է պատժվեն: