Գևորգյան ճեմարան է ընդունվել 30 ուսանող
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախօրեին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Տերունական աղոթքից, ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերից հետո` 2014-2015 թթ. նոր ուսումնական տարվան ընդառաջ, ողջույնի և բարիգալստյան խոսք է ասել Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
«Ճեմարանն իբրև կրթական հաստատություն ունի ավանդույթներ, որ հավիտենապես անշարժ են: Այս իմաստով այն պահպանողական է, սակայն միևնույն ժամանակ, նա այն եզակի կրթական հաստատությունն է, որի յուրաքանչյուր տարին խոստանում է լինել անցածից տարբեր, նոր` բառիս ամենալայն իմաստով, որովհետև Ճեմարանը մի յուրահատուկ առաքելության կրող է, որն իրականացնելու համար անհրաժեշտ է հաղթահարել որոշակի խոչընդոտներ, որոնք փոխվում են ժամանակի հետ: Ուստի ամեն տարի Ճեմարանի համար մի նոր ժամանակի սկիզբ է, որին պետք է Ճեմարանն իր առաքելությանն ենթարկի: Այս տարին նույնպես խոստանում է մի նոր ուղի ճեմարանի համար, որն իր փորձառությամբ անցածի կրկնությունը չէ, սակայն անցած հանձնառության վերահաստատումը: Այս տարի սակայն Գևորգյան ճեմարանի համար յուրահատուկ է լինելու նաև այն իմաստով, որ լրանում է հաստատության հիմնադրման 140-ամյակը: Այս տարին, հետևաբար, ոչ միայն վերաարժևորման առիթ պիտի լինի Ճեմարանի առաքելության համար, այլև նոր ներշնչման հնարավորություն պետք է ընձեռի մեզ՝ լինելու այն ինքնության կրողները, որով կերտվել են այս հաստատության փառքի էջերը», - նշել է Գևորգ Սրբազանը:
Հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչն անդրադարձել է նաև ընդունելության քննությունների արդյունքներին` տեղեկացնելով, որ Գևորգյան ճեմարան ընդունվել է 30 ուսանող, Վազգենյան դպրանոց` 15, Հառիճի Թրբանճյան ընծայարան` 22, իսկ Քահանայից պատրաստման լսարանում ուսումնառության համար դիմել է 15 անձ: Խոսելով ուսանողների հավաքագրման մասին` Սրբազանը հայտնել է ներկաներին, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ճեմարանում հիմնվել է Հասարակության հետ կապերի և քարոզչության գրասենյակ, որի հիմնական առաքելությունն է զբաղվել հոգևոր կրթության քարոզչությամբ Հայաստանում և Սփյուռքում` ի գործ դնելով ինչպես կենդանի ու անմիջական շփումները, այնպես և Ժամանակակից տեխնիկական միջոցները:
Իր խոսքում Գևորգ Սրբազանն անդրադարձել է ճեմարանի ամբիոնների կողմից հրատարակության պատրաստվող 10 դասագրքերին ու հոգևոր-կրթական հաստատությունների դասախոսների կողմից հրատարակության ներկայացված գիտական մենագրություններին, որոնցից շատերը կարևոր նվաճումներ են հայագիտության բնագավառում: Ներկայացվել է Հայաստանի և արտերկրի տարբեր բարձրագույն կրթական և հոգևոր հաստատությունների ու ճեմարանի միջև ձևավորված փոխհամագործակցության արդյունքները:
Ճեմարանի նոր ուսումնական տարվա բացումն ամբողջացել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նախ իր գնահատանքը բերեց ճեմարանի դասախոսական կազմին:
«Գևորգյան հոգևոր ճեմարանը, ինչպես գիտեք, անցնող 140 այդ տարիների ընթացքին մեծ ներդրում ունեցավ ազգային մեր կյանքում: Այս հաստատության լուսեղեն հարկի ներքո դասավանդեցին մեծանուն մտավորական գործիչներ, նաև այս հաստատությունից դուրս եկան մեր ժողովրդին փառք ու պատիվ բերող գիտության ու մշակույթի ականավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև` հոգևոր առաջնորդներ, ովքեր իրենց աշխատանքով կերտեցին այս հաստատության փառքը և նորովի, նոր փայլով, նոր պայծառությամբ լուսավորեցին Հայոց աշխարհի գիտական միտքը: Այսօր այդ փառքի կրողները և այդ առաքելության շարունակողները դուք եք, սիրելի մանկավարժներ, և մենք մաղթում ենք, որպեսզի դուք նույն հավատով, նույն գիտակցությամբ իրականացնեք ձեր աշխատանքները, որպեսզի ձեր նվիրյալ ջանքերը բերեն արժանի պտուղներ», - ասել է Վեհափառ Հայրապետը:
Բացման հանդիսությունը փակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով և Հայրապետական մաղթերգով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում