Այն, ինչ մեզ առաջարկվում է բանանային հանրապետությունների ուղին է. Լ. Զուրաբյան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ առաջարկեց հարցին մոտենալ այլ տեսանկյունից ու հարցադրմամբ հանդես եկավ` արդյոք մեզ առաջարկվում են իսկապես Սահմանադրական փոփոխություններ, թե առաջարկվում է մեկ այլ բան` նոր Սահմանադրություն.«Այս հարցին անդրադառնալով բացահայտում ենք Սերժ Սարգսյանի ամենամեծ բլեֆը` մեզ առաջարկվում է նոր Սահմանադրություն: Բայց արդյո՞ք Հայաստանը նման շրջադարձի կարիք ունի»:
Նրա խոսքով` այն, ինչով զբաղված է ներկայիս ռեժիմը, դա գործող Սահմանադրությունը մեկ այլով փոխարինելու փորձն է , ինչը վտանգ է պարունակում իր մեջ. «Այն, ինչ մեզ առաջարկվում է, դա բանանային հանրապետությունների ուղին է` ամեն նախագահն իր Սահմանադրությունն է առաջարկում»:
Ընդդիմադիր գործիչը նաև հայտարարեց, որ որևէ ժողովրդավար պետություն Սահմանադրությունը չի փոխել, անգամ Ռուսաստանը:
Պատմական էքսկուրսից դուրս բերած գլխավոր եզրակացությունը, ըստ Լևոն Զուրաբյանի այն է, որ ժողովրդավար երկրները նոր Սահմանադրություն ընդունում են մեկ անգամ ու մեկընդմիշտ սահմանելով խաղի կանոնները իշխանության համար:
Իսկ ահա անդրադառնալով քաղաքական ուժերի վերաբերմունքին այս բարեփոխումներին, Լ.Զուրաբյանը նկատեց, որ քառյակի ձևաչափում միայն Դաշնակցությունն է կողմ այս փոփոխություններին. «Իմ ամբողջ հարգանքով Դաշնակցության նկատմամբ` միայն իրենց ցանկությունը հիմք չեմ համարում, որ Հայաստանում անցկացվի բարեփոխում, որը որևէ մեկը չի ուզում: Անգամ ՀՀԿ-ն չի ուզում դրանք»:
Հիշեցնենք, խորհրդաժողովը հրավիրվել է «Ժառանգության» կողմից: