Թուրքիայի համար առաջնայինը Սիրիայի դեմ գործողություններն են. Թուրքագետ
«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ նախաձեռնած կոալիցիայի ձևավորման հարցը դեռևս օպերատիվ առումով ընթացքի մեջ է, իսկ թուրքական կողմը այս փուլում ձեռնպահ է մնում դրան մասնակցելուց: Ներկայում օդային գործողությունները «Իսլամական պետության» դեմ շարունակվում են միայն ամերիկյան ուժերի կողմից, իսկ որոշ երկրներ դեռևս լոգիստիկ օժանդակություն են ապահովում: Մեկնաբանելով «Իսլամական պետության» դեմ ռազմական կոալիցիային Թուրքիայի մասնակցության հարցը` այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Նրա խոսքով, այս ընթացքում Թուրքիայի նկատմամբ ճնշումները գնալով մեծանում են` կոալիցիայի կազմում նրան ներգրավելու համար. «Որքան բանակցությունները շարունակվեն, այնքան էլ մեծանալու են Թուրքիայի նկատմամբ ամերիկյան ճնշումները մի շարք ուղղություններով: Արդեն իսկ տեղեկատվական դաշտում լուրջ գրոհ կա Թուրքիայի դեմ»:
«Թուրքիայի խուսավարող այս քաղաքականությունը ժամանակ շահելու նպատակ է հետապնդում, Անկարան ունի գործընթացում իր առաջադրած պայմանները: Դրանցից նախ Թուրքիայի համար առաջնայինը համարվում են Սիրիայում իրականացվելիք գործողությունները, ալ-Ասադի վարչակարգի տապալման ուղղությամբ գործնական քայլերը` զուգորդված ԻՇԻՊ-ին հասցվելիք հարվածներով և այդ պարագայում թուրքական ներգրավվածության ապահովումը, մինչդեռ իրաքյան գործընթացները դիտարկվում են որպես ածանցյալ: Թուրքիան պատրաստ է ակտիվ լինել սիրիական մասում, ինչն էլ կարող է հանգեցնել սահմանային բուֆերային գոտու ստեղծմանը թուրքական զինված ուժերի կողմից, որը կարող է տարածվել նաև թուրք-իրաքյան սահմանին»,- նշեց թուրքագետը: