Սեյրան Օհանյանը կողմ է, որ տարկետման իրավունքը վերացվի
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Երևանի պետական համալսարանում պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե իրենք ինչպես կարող են մասնակից դառնալ Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի ՝ սահմանապահ զինվորների կենցաղային վիճակի բարելավմանն ուղղված ծրագրին, ինչի մասին պատգամավորը օրեր առաջ հարց էր բարձրացրել ԱԺ-ում, նախարարը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել երգչուհուն:
«Խորհուրդ կտամ դիմել Շուշան Պետրոսյանին, նա է այդ հարցը բարձրացրել: Ես ասացի, որ առաջին գծի ամենակարևոր խնդիրը մարտական հերթապահությունն է, ինժեներական սարքավորումները, կառույցները, որոնք այսօր իրականացված են մարտական հերթապահության համար և պատրաստ վերախմբավորումից անցնել հիմնական պաշտպանության, և այդ ինժեներական կառույցները հագեցած են»,- ասաց նախարարը:
Ս.Օհանյանի խոսքերով` մի քանի ինժեներական կառույցների առկայությունն առաջին գծում թույլ է տալիս կանխել հակառակորդի դասական ոճով մարտական գործողությունների սկսումը:
Ինչ վերաբերում է պատգամավորի հարցին, նախարարն ասաց, որ ինքը Շ.Պետրոսյանին ասել է` այդ աջակցությունն ուղղված լինի մշակութային միջոցառումների և սոցիալական խնդիրների իրականացման համար:
«Կարծում եմ, որ Շուշան Պետրոսյանի հարցադրումը որևէ մի հիմնադրամի ստեղծումն է, որտեղ հանգանակություններ կանեն և այն կուղղեն առաջին գծի սոցիալական խնդիրների լուծմանը: Միևնույն ժամանակ ասեմ, որ առաջին գծում համապատասխան գետնատնակներ, կենցաղային պայմաններ ստեղծված են, որպեսզի զինծառայողի սոցիալ-կենցաղային պայմանները նորմալ լինեն: Դրանք պարբերաբար, իհարկե, պետք է թարմացվեն, դրանք ծառայության ընթացքում մաշվում են, այդ ուղղությամբ ցանկացողները կարող են Շուշանի հետ ստեղծել համապատասխան հիմնադրամ և ըստ անհրաժեշտության աջակցել»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով զորակոչից տարկետման իրավունքի վերաբերյալ հարցին` Ս. Օհանյանն ասաց. «Յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է իր ծառայությունը կատարի, ես կողմ եմ, որ այդ տարեկետումը վերացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին