Շվեյցարացի սրտաբանները հայ մասնագետների հետ կիրականացնեն սրտի վիրահատություններ
«Առողջ սրտերի կամուրջ» հասարակական կազմակերպության և «Էրեբունի» բժշկական կենտրոնի համագործակցության արդյունքում սեպտեմբերի 16-18-ը Ցյուրիխի «Իմ Պարկ» կլինիկայի պրոֆեսոր Փոլ Վոգի գլխավորած ինվազիվ սրտաբանների խումբը պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի հետ միասին խորհրդատվություններ և վիրահատություններ են իրականացնելու բժշկական կենտրոնում: Սրտաբանները կկատարեն նաև սրտի վիրահատություններ, ընդ որում` բաց և ներանոթային եղանակով: Նախատեսվում է նաև հայ և շվեյցարացի սրտաբանների գիտաժողով:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը, շվեյցարացի բժիշկների խումբը բավականին հայտնի միջազգային կազմակերպություն են ներկայացնում` «Եվրասիա սիրտ» հիմնադրամը, բացի այդ, բարեգործական հիմունքներով գիտագործնական աշխատանքներ են կատարում:
«Մենք մեկ ու կես ամիս առաջ ենք առաջին անգամ հանդիպել նրանց հետ: Ժամանել են մեր կլինիկա և առավոտից կատարում են խորհրդատվություններ: Նախապես հայտարարություն ենք տվել և մեր արտասահմանցի կոլեգաների հետ միասին զննում ենք հիվանդներին և կատարում նախնական որոշումներ` հետագա բուժման մասին»,- ասաց Հ.Հայրապետյանը` հավելելով, որ այսօր խորհրդատվություն կկատարեն, իսկ վաղվանից կսկսեն վիրահատութունները: Դրանք կլինեն բաց սրտային վիրահատություններ և ինվազիվ` ներանոթային:
«Իմ պարկ» կլինիկայի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր Փոլ Վոգն ասաց, որ բժշկական համագործակցություն են սկսում «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ: Համագործակցությունը նախատեսում է վիրահատություններ, բացի այդ, հեռահար նպատակներ կան հետագայում ավելի սերտացնելու այդ հարաբերություները:
«Առաջին անգամ եկել եմ Հայաստան 2 ամիս առաջ հյուրի կարգավիճակում: Որոշեցի համագործակցել հայ մասնագետների հետ: Մենք կքննարկենք, թե ինչ պարբերականությամբ ենք կատարելու այցելությունները և այսուհետ ինչպես ենք համագործակցելու: Ես կարճ ժամանակահատված է, որ այստեղ եմ, սակայն կարող եմ ասել` այս հիվանդանոցում կան անհրաժեշտ բոլոր պայմանները` սրտի բարդ վիրահատություններ ու բուժում կատարելու համար»,- ասաց շվեյցարացի սրտաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա