Ռուբեն Թոփչյան. Բուհերում կաղում է ուսանողի ներգրավվածությունը հետազոտական պրոցեսում
«Այսօր բուհերում տալիս են գիտելիքներ, բայց պրակտիկ կարողություններն այնքան էլ նպատակային չեն տրվում: Մեծ մասամբ հույս կա, որ շրջանավարտը դա իր աշխատավայրում կսովորի, բայց դա լավ չէ, քանի որ ուսումնառության ընթացքում ուսանողը պետք է սովորի իր գիտելիքները կիրառել: Այս հմտությունները սովորեցնելու վրա բուհերն ուշադրություն չեն դարձնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման նման դիտարկումներ արեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Ըստ հիմնադրամի տնօրենի, բուհերում կաղում է ուսանողի ներգրավվածությունը հետազոտական պրոցեսում. «Նա պատրաստ չէ մտնելու շուկա, նա պատրաստ է միայն իր գիտելիքների ծավալով, ոչ թե ավելացնելու մեխանիզմներով»:
Ռուբեն Թոփչյանը հայտնեց, որ իրենց հիմնադրամը ուսումնական հաստատություններում ներդնում է որակի ապահովման մեխանիզմները:
«Ուսումնական հաստատությունները պետք է գնահատեն իրենց արածի արդյունավետությունը, իսկ թերացումները վերացնեն: Նախկինում այս գործառույթը համակարգված չի եղել, անհատապես է իրականացվել: Մեր նպատակն է աջակցել կրթական հաստատությանը ստեղծել կրթության որակի բարելավման պլան»,- ասաց նա:
Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց, որ 15 բուհ անցել է այս գործընթացը և հավատարմագրվել է. «Ես տեսնում եմ, որ մտահոգ են, իրենք ավելացրել են արդյունքների վերլուծման և բարելավման բաղադրիչը: Հասել ենք նրան, որ բուհերը պատրաստել են իրենց բարելավման պլանը, տեսնում են ինչպես պետք է փոխեն իրավիճակը»:
Նա հավելեց, որ հոկտեմբերի 20-24 հայտարարել են որակի շաբաթ, որին հաստատությունների ներկայացուցիչներն են մասնակցում, քննարկումներ են ունենում, ինչի արդյունքում էլ գործում է այս մեխանիզմը:
Panorama.am-ի հարցին՝ բուհերում ի՞նչ որակի կրթություն է տրվում հաշմանդամություն ունեցող անձանց, հատուկ մոտեցումներ կա՞ն, Ռուբեն Թոփրյանը պատասխանեց. «Հատուկ ուսումնասիրություն չենք արել, մեր հավատարմագրման տասը չափանիշներից մեկն ուսանողական միջավայրն է, որոնց մեջ է նաև այն, թե արդյոք կարիքավոր մարդկանց համար ստեղծված են հավասար պայմաններում կրթություն ստանալու հնարավորությունները: Անուշադրության չի մատնված, բայց չեմ էլ կարող ասել, որ արդյունավետ է: Դրա վրա ուշադրություն սևեռված է, մենք մեր հաշվետվության մեջ կներառենք դա»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում