Մեր ունեցած սպառազինությունն ու ռազմական տեխնիկան գտնվում են հմուտ և հոգատար ձեռքերում` մեր զինվորի ձեռքերում. Ս. Օհանյան
«Ես կողմնակից չեմ, որ բաց եղանակով` և հակառակորդի, և մեր սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցները պարբերաբար ներկայացվեն հանրությանը»: Այս մասին այսօր ԵՊՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով դասախոսներից մեկի հարցին, թե եթե հակառակորդը պարբերաբար ներկայացնում է, թե ինչ քանակությամբ զենք-զինամթերք է ձեռք բերել, այդ դեպքում ինչո՞ւ հայկական կողմը չի ներկայացնում, թե մենք ինչ ժամանակակից զինամթերք են ձեռք բերել:
Նախարարի խոսքերով` այն ինչ ներկայացվում է հակառակարդի կողմից հասկանալի է, դա նաև այն քաղաքականության շարունակությունն է, որ նրանք փորձում են իրականացնել, իսկ զինատեսակների ներկայացումը փորձում են վերածել ուժի` ասելով, թե Ադրբեջանի զինված ուժերը ուժեղ են, հզոր են:
«Մինչդեռ հուլիս-օգոստոս ամիսների, թեկուզ փոքր ծավալի մարտավարական մասշտաբի գործողությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ, և նրանք դարձան նախկին տարիների իրենց իսկ ստի զոհը»,- ասաց Ս.Օհանյանը:
Նախարարը նշեց, որ քանակը երբևիցե որակ չի ապահովել, քանի որ ցանկացած սպառազինության և ռազմական տեխնիկայի ղեկին կանգնած պետք է լինի անձ, ով լիակատար կերպով տիրապետում է այդ սպառազինությանը:
«Չեմ կարծում, որ զինամթերքի այն քանակությունը, որը ձեռք է բերվել հակառակորդի կողմից, կարճ ժամանկահատվածում կարող են յուրացվել: Իսկ մեր ունեցած սպառազինությունն ու ռազմական տեխնիկան գտնվում են հմուտ և հոգատար ձեռքերում` մեր զինվորի ձեռքերում: Մեր զինվորները դրանք ոչ միան պահպանում են, այլև լիարժեք կերպով տիրապետում»,- նշեց նախարարը:
Նա նաև հիշեցրեց օրերս Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնը, որի ժամանակ Հայաստանը գրավեց երկրորդ պատվավոր տեղը, ինչը, ըստ Ս. Օհանյանի, հզոր պետությունների կողքին նման ցուցանիշ ապահովելը նշանակում է ոչ թե գրավել ենք երկրորդ, այլ առաջին տեղը:
«Այսինքն` այն ինչ մենք ունենք, գտնվում է պաշտաճ մակարդակի վրա, լիարժեք պատրաստ` մարտական գործողությունների ընթացքում օգտագործմանը»,- ընդգծեց պաշտպանության նախարարը:
Ս.Օհանյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանը արդիականացնում է ունեցած սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Ըստ նրա` Հայաստանն ունի հեռահար և գերճշգրիտ միջոցներ, ինչպես նաև պայմանավորվածություն կա, որպեսզի այդ միջոցները ավելացնեն:
Անդրադառնալով զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրներին, նախարարն ասաց, որ դրանք իրականացվում են ՀՀ կառավարության որոշումների համաձայն: Մասնավորապես, մշակվել է աշխատավարձերի կատարելագործման համակարգ և մինչև 2017թ-ը պարբերաբար բարձրացնելու են զինծառայողների աշխատավարձերը: Բացի այդ, ԶՈւ-ի համար իրականացվում է բնակարանաշինություն ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան