Ակունք գյուղում գայլերը հոշոտել են ոչխարներին
Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 4-5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում գայլերը ցերեկով հարձակվել են ոչխարի հոտի վրա: Գյուղապետ Արծրուն Ղարիբյանը Panorama.am-ին հայտնեց, որ գայլերի հարձակումից ընդհանուր առմամբ 22 տնտեսություն է տուժել:
Նրա խոսքով, միայնակ համագյուղացի հովիվը չի էլ նկատել, թե ինչպես են ոչխարների մի մասը հոտից առանձնացել ու գայլերի հարձակման թիրախ դարձել. «Գնացել, տեսել եմ, լրիվ դիակներ են փռված»:
20 ոչխարի հոշոտել են, 20-ին վիրավորել, դրանք էլ հետագայում սատկել են, 20-ի ճակատագիրն էլ անհայտ է՝ չկան ու չկան: Գյուղապետի խոսքով, փորձում են ստուգել հարևան գյուղերի հոտերը, միգուցե խառնված լինեն այլ ոչխարներին: Նման լայնածավալ հարձակում առաջին անգամ է Ակունքի ոչխարների վրա կատարվում: Նախկինում եղել է, որ մի ոչխար, կամ մի հորթ են տարել:
«Տուժած կենդանիների թվում թե գառներ կան, թե ոչխարներ: 30- 70 հազար դրամ արժեն յուրաքանչյուրը»,-ասաց նա, հույս հայտնելով, որ 20 անհետ կորած կենդանուն կգտնեն:
Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը Panorama.am-ին ասաց, որ այսօր Ակունք է գնալու, տեղում ծանոթանալու իրավիճակին ու պատճառած վնասի չափին:
Ավելի վաղ Panorama.am-ին բնապահպանության նախարարությունից հայտնել էին, որ այս տարվա առաջին կիսամյակում ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման գրանցված դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գայլերի թվաքանակը մեծացել է, և անհրաժեշտություն է առաջացել շարունակել գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումները: Այդ նպատակով մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
Հարցին, թե ինչու նախորդ տարի նախարարությունը ձեռնամուխ չեղավ նման միջոցառումների իրականացմանը, Աղասյանն ասաց. «2013 թվականի ընթացքում գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումներ չեն իրականացվել, քանի որ հանրապետության գյուղական վայրերից և բնակչության կողմից գայլերի հարձակման վերաբերյալ ահազանգերը եղել են շատ ավելի քիչ, քան 2011-2012 թվականների ընթացքում»:
Նախորդող հրապարակում՝
Աղասյան. Անհրաժեշտություն է առաջացել շարունակել գայլերի թվի կարգավորման միջոցառումները
Գայլերն ամռանը գյուղերում խրախճանք են անում. «Էկոհամակարգի խախտման հետևանք է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները