ՄԻԵԴ-ը սկսել է առավել ուշադրություն դարձնել ՀՀ-ի կողմից ներկայացված գործերին. Արա Ղազարյան
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարծես եկել է այն համոզման, որ Ադրբեջանում հայ գերիների իրավունքները խախտվում են: ՄԻԵԴ-ը սկսել է առավել ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից ներկայացված գործերին»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Նրա խոսքով, ՄԻԵԴ-ում ադրբեջանցիների կողմից հայ գերիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ արդեն 5-6 գործ կա Հայաստանից:
«Դիմելով ՄԻԵԴ՝ ուզում ենք ցույց տալ, որ սիստեմատիկ կերպով խախտվում են մարդու իրավունքները սահմանամերձ շրջանում: Մեր քաղաքացիներն անզգուշությամբ անցնում են սահմանը, նրանց Ադրբեջանում որակում են որպես դիվերսանտներ, նրանց նկատմամբ կիրառվում է արգելված վերաբերմունք»,- ասաց Ա. Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ խոշտանգված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ: Խոջոյանի ընտանիքը պահանջում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ քրեական հետապնդում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, որոնք արգելում են սպանությունը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը և խտրականությունը:
Ինչպես նաև՝ Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը 2014թ. սեպտեմբերի 10-ին դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:
«Կարեն Պետրոսյանի գործով դիմումը երկու օր առաջ կոմունիկացվել է»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը, ով նաև ՄԻԵԴ-ում ներկայացնում է Պետրոսյանի ընտանիքը:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Քրիստինա Գևորգյանն ասել էր, որ Մամիկոն Խոջոյանի գործի ընդունելության հարցը քննարկման փուլում է:
Արա Ղազարյանը նաև հիշեցրեց, որ երեք տարի առաջ Մանվել Սարիբեկյանի գործով ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել, սակայն դեռևս ոչ մի տեղեկություն չկա, թե երբ են սկսելու գործի քննությունը:
«Մինչ այժմ չի էլ մերժվել, այսինքն գիտեն, որ գործն անհիմն չէ: Գործ ունենք կյանքի իրավունքի հետ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Գեղարքունիկի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր 2010թ. սեպտեմբերի 18-ին, իսկ 2010թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել, թե Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել կալանքի տակ գտնվելիս:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապացուցել է, որ արդյունավետ քրեական պաշտպանության մեխանիզմ է, նաև այնպիսի վայր է, որտեղ պետությունները կոլեկտիվ կերպով կիրառում են Կոնվենցիան: Դիմելով ՄԻԵԴ՝ նախ տուժողը ցանկանում է վերականգնել իր իրավունքները, իսկ մենք էլ ուզում ենք, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն ոչ միայն Հայաստանում, այլ նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, որպեսզի մարդկանց իրավունքները հարգնվեն»,- ասաց Արա Ղազարյանը:
Նախորդող հրապարակում՝
Փաստաբան Արա Ղազարյան. Հասունացել է պահը, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնի ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան