Երեք գիտնականներ արժանացան Վիկտոր Համբարձումյանի 2014 թ. միջազգային մրցանակին
Վիկտոր Համբարձումյանի 2014 թ. միջազգային մրցանակը շնորհվեց Ֆելիքս Ահարոնյանին (Իռլանդիա և Գերմանիա) և համատեղությամբ Իգոր Կարաչենցևին (Ռուսաստան) և Բրենթ Թալիին (ԱՄՆ): Մրցանակաբաշխության արարողությունը կայացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Մրցանակները գիտնականներին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 հազար դոլար և տրվում է երկու տարին մեկ անգամ՝ սկսած 2010 թվականից:
Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականից, հանձնաժողովի նախագահն է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հանձնաժողովի մյուս անդամները օտարազգի գիտնականներ են:
Ֆելիքս Ահարոնյանը (Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտ, Իռլանդիա և Մաքս Պլանկի անվան միջուկային ֆիզիկայի ինստիտուտ, Հայդելբերգ, Գերմանիա), առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար»:
Իգոր Կարաչենցևը (Հատուկ աստղադիտարան, Ռուսաստան ԳԱԱ) և Բրենթ Թալին (Հավայան կղզիների համալսարանի աստղագիտության ինստիտուտ, ԱՄՆ) առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:
Ի դեպ, նշենք, որ Իգոր Կարաչենցևը իր գիտական գործունեությունը սկսել է Բյուրականի աստղադիտարանում, 1967 թ. Բյուրականի աստղադիտարանում պաշտպանել է թեկնածուական թեզ (ղեկավար՝ Վիկտոր Համբարձումյան):
«Կարծում եմ, որ ցանկացած երիտասարդի համար, ով մուտք է գործում գիտության ոլորտ, ամենաէականն այն է, որ ինտեգրվի մեծ գիտական դպրոցին: Այդ իմաստով երջանիկ մարդի եմ, սովորել եմ Վիկտոր Համաբարձումյանի դպրոցում, որն աստղաֆիզիկայի ոլորտում ամենահայտներից մեկն է»,- նախքան մրցանակաբաշխությունը կայացած ասուլիսում ասաց Իգոր Կարաչենցևը:
Բրենթ Թալին էլ նշեց, որ մեծ պատիվ է իր համար Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին արժանանալը` Վիկտոր Համբարձումյանի անունը կարևոր նշանակություն ունի:
«Այս մրցանակը համատեղ աշխատանքի արդյունք է: Այսինքն` գիտության ոլորտում շատ կարևոր է համագործակցությունը»,- ասաց գիտնականը:
Նա նաև նշեց, որ փոքր երկրների համար դժվար է նման խոշոր նախաձեռնություններ իրականացնել, զարմացած է, որ նման խոշոր գումար է տրվում մրցանակակիրներին. «Նման մրցանակ սահմանելով՝ Հայաստանը ևս մեկ անգամ վկայում է, թե ինչպիսի ճանաչում ունի Վիկտոր Համբարձումյանը»:
Մրցանակի գումարը բաժանվել է հետևյալ կերպ. Ահարոնյանին հատկացվում է 250 հազար դոլար, իսկ Ի. Կարաչենցևին և Բրենթ Թալիին՝ յուրաքանչյուրին 125 հազարական դոլար:
Ֆ. Ահարոնյանն ասաց, որ մրցանակից 50 հազար դոլարը տրամադրելու է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային, մի մասը՝ երիտասարդ գիտնականներին՝ իրենց գիտական աշխատանքներն ի կատար ածելու համար:
Բ. Թալին էլ նշեց, որ ստացած գումարով կազմակերպելու է այցելություններ Հավայան կղզիներում գտնվող աստղադիտարան, այդ թվում նաև հայ գիտնականների: Իգոր Կարաչենցևը նույնպես նշեց, որ իրեն բաժին հասած գումարը ուղղելու է գիտության ոլորտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան