Air France-ի օդաչուների գործադուլի պատճառով Փարիզ-Երևան այսօրվա թռիչքը հանված է. «Ժամանակ»
Երեկ «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ֆրանսիական Air France ավիաընկերության օդաչուներն արդեն երկու օր է՝ գործադուլ են անում: Հնարավոր է՝ գործադուլը տևի մինչև սեպտեմբերի 22-ը: Ամենայն հավանականությամբ՝ այս գործադուլը կլինի ամենախոշորը Air France-ի համար՝ 1998 թվականից ի վեր:
Հիշեցնենք, որ Air France-ն ունի 3760 օդաչու, որը գերազանցում է իր կարիքները:
Air France-ը, որը Հայաստանի տարածքում այս ամիս իրականացնում է վեցօրյա թռիչքներ, հայտարարված գործադուլի պատճառով երեկ թռիչք չիրականացրեց: Այսօրվա թռիչքը նույնպես հանվել է չվացուցակից: Երեկ չկայացավ Փարիզ-Երևան թռիչքը, այսօրվա թռիչքը հանված է, բայց ընկերությունը փորձում է Ֆրանսիա թռիչք կազմակերպել այլ ավիաուղիներով: Մյուս օրերի թռիչքների վերաբերյալ այս պահին ընկերությունում տեղեկություններ չկան։
Ի դեպ, գործադուլն ավիաընկերությանը հասցնում է 10-15 մլն եվրոյի վնաս: