Կ. Նահապետյան. ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը չպետք է դիտարկել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը կանխող գործոն
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը շատ կարևոր էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրների առումով»,-«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձանաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Ըստ նրա, Հայաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև երկխոսությունը պահպանվի, Հայաստանը պարզ գիտակցում է ազգային անվտանգության իր պահանջները: Կ. Նահապետյանը նաև նշեց, որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը կարևորում են Հայաստանի դերակատարությունը միջազգային ու տարածաշրջանային անվտանգության գործում:
Կ. Նահապետյանի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները. «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը տարիների ընթացքում կատարելագործվել է, Հայաստանը հաստատակամ է գործընկերության մակարդակն էլ ավելի բարձրացնել»:
Կ. Նահապետյանի խոսքով, կարևոր էր Ուելսում ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ըստ նրա, այդ հանդիպումը վկայում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի առաջնահերություններից է, թեև ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով, բայց աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա նաև նշեց, որ այդ հանդիպումը կարևոր էր հակամարտության խնդրի կարգավորման միջնորդրության մենաշնորհը ՌԴ-ի ձեռից վերցնելու առումով:
Կ. Նահապետյանը տեղեկացրեց, որ Ուելսում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդի հետ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպելու են նաև Ֆրանսիայում: Նա նշեց, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունը չպետք է դիտարկել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը կանխող գործոն:
«Հայաստանը շարունակում է իր փոխլրացնող քաղաքականությունը»,- ասաց Կ. Նահապետյանը:
Քննարկմանը ներկա էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն: