Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում վերաբացվել են հայագիտության առարկաները
Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահայի Կարլի համալսարանի միջև նախօրեին կնքվել է համաձայնագիր՝ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հայագիտության առարկաների դասընթացի վերաբացման վերաբերյալ:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, չեխական կողմից՝ համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման:
Կարլի համալսարանում հայագիտության դասավանդումն ավանդույթներ ունի: Տարբեր տարիների (1953թ. և 1996թ.) բացվել է ամբիոն կամ անց է կացվել դասախոսությունների շարք:
Կարևորելով համալսարանում հայագիտության դասավանդման ավանդույթների վերականգնումը` Հայաստանի կառավարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով, որոշում է կայացրել ֆինանսական օժանդակություն տրամադրել Կարլի համալսարանին՝ դասավանդումը վերսկսելու նպատակով:
2014-2015թթ. ուսումնական տարվա ընթացքում չեխ ուսանողներին կառաջարկվեն հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի և աշխարհագրության դասընթացներ:
Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին` ռեկտոր Զիման նշեց, որ չափազանց կարևորել է հայագիտության առարկաների դասավանդման վերսկսումը և հայալեզու գրականության գրադարանի վերականգնումը համալսարանում:
Դեսպան Սեյրանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայագիտության առարկաների դասավանդումը սկսելու հարցում չեխական կողմի պատրաստակամության և հետաքրքրության համար` նշելով, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, հատկապես կրթության և գիտության բնագավառում: Դեսպանն առաջարկել է առաջիկայում ուսումնասիրել Պրահայի Կարլի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի կապ հաստատելու հնարավորությունները՝ հետագայում ուսանողների միջև փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման նպատակով:
Արարողությանը և հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում