Ալավերդու ճոպանուղու ճակատագիրն անհայտ է
Ավելի քան երեք ամիս ալավերդցիները չեն կարողանում օգտվել ճոպանուղու ծառայություններց: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ 37 տարի առաջ Մետալուրգիական գործարանի կողմից կառուցված ճոպանուղին նույնիսկ հովհարային անջատումների տարիներին անխափան աշխատել է, բայց հիմա մաշված է ու անսարք, անվտանգության հետ կապված խնդիրներ կան:
«Տեխնիկական խնդիր է առաջացել, լուծման երկու տարբերակ էր առաջարկվում, մեկը եղած հնարավորություններով վերանորոգել, մյուսը՝ նոր շարժիչ պատվիրել: Բնական է, երկրորդ տարբերակն ավելի հուսալի է ու անվտանգ»,-աասաց քաղաքապետը, հստակեցնելով, որ այսօր Ճոպանուղին համարվում է «Էյ Սի Փի» ՓԲ ընկերության դուստր ձեռնարկություն:
Որ փոխադրամիջոցը չի աշխատում, տեղյակ է նաև Լոռու մարզպետը, հարցը քննարկվել է թե ընկերությունում, թե ճոպանուղու արդեն նախկին աշխատակիցների ու մարզպետ Նալբանդյանի հանդիպման ժամանակ: Մարզպետն ասել է, որ քաջատեղյակ է խնդրին և որ դրան լուծում տալու քննարկումներ են ընթանում:
Քաղաքապետի խոսքով, ճոպանողին վերագործարկելու համար մոտ 5-6 հազար եվրո գումար է անհրաժեշտ, ընկերությունից ասում են, որ նման ներդրում անելուց հետո ծախսածածկման խնդիր է առաջանալու:
«Ճոպանուղին աշխատում է հարկային դաշտում, վճարում է ավելացված արժեքի հարկ, վարձակալության գումար է վճարվում, իսկ ուղևորափոխադրումների ներկայիս ծավալը 100 դրամ սակագնով բավարար չէ»,-ասաց քաղաքապետը, ավելացնելով, որ իրենք հաշվի առնելով բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը սակագնի վերանայման հարց չեն դնելու:
Ալավերդու ճոպանուղին ոչ միայն կարևոր տրանսպորտային հանգույց է հանդիսանում, այլև քաղաքի խորհրդանիշ, գրավչություն է հաղորդում բնակավայրին, այստեղ եկող զբոսաշրջիկին առաջինը ճոպանուղին են ցույց տալիս:
Քաղաքապետարանն առաջարկել է տրանսպորտային ենթակառուցվածքը հանձնել իրենց ենթակայության ներքո, այդ դեպքում թե համայնքային բյուջեից, թե այլ ֆինանսական ներարկումների շնորհիվ խոստանում են ամեն ինչ անել ճոպանուղին կրկին շահագործելու համար:
«Մենք պատրաստակամություն ենք հայտնում, որ տրանսպորտի սպասարկումը վերցնենք մեզ վրա, պատրաստ ենք նաև դրան»,-ասաց քաղաքապետը:
Ճոպանուղու տնօրեն Ավետ Թամազյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք ամսական 200-300 հազար դրամ վնասով են աշխատում: Օրական ուղևորահոսքը հասնում է 450-ի, ամռան ամիսներին մի փոքր ավել է ՝ 500:
«Վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես մեծ վնասներով ենք աշխատում, էլեկտրաէներգիան թանկացավ, նախկինում աշխատում էինք առանց ԱԱՀ-ի, հետո բոլոր դուստր ձեռնարկությունները, որոնք պատկանում են Վալեքս խմբի ընկերություններին, արդեն սկսեցին ԱԱՀ վճարել: Բացի դա յուրաքանչյուր քաղաքացու մեքենա առնելը բացասաբար է անդրադառնում Ճոպանուղու վրա՝ մեքենա ունեցողը տրանսպորտից չի օգտվում, հարևաններին ու ծանոթներին էլ հետ է վերև բարձրացնում, տաքսիներն են շատացել, մի 4-5 հոգով հարյուր դրամ դնում են, տաքսիով տեղ հասնում»,-բացատրեց տնօրենը, հիշելով երանելի տարիները, երբ ճոպանուղուց օրական 900-1200 մարդ էր օգտվում, տոմսարկղի մոտ հերթեր էին գոյանում:
Ճոպանուղի 15 աշխատակիցներից երկուսի դրույքը տնօրենը կրճատել է, այս պահին մնացել են ինքն ու հաշվապահը: Միջին աշխատավարձը 50-55 հազար դրամ է:
Չնայած այս հաշվարկներին ու փոխադրամիջոցի ոչ այնքան խոստումնալից ապագային, տնօրենը ճոպանուղու վերագործարկումն անհրաժեշտություն է համարում:
«Ես կանգնած եմ երկու բարդ խնդրի առաջ՝ վերացնել տեխնիկական անսարքությունը, իսկ դրանից հետո կարո՞ղ եմ օգուտով աշխատել, թե՞ ոչ: Թե երբ կաշխատի, ես էլ չգիտեմ»,-ասաց տնօրենը:
Տնօրենն էլ, քաղաքապետն էլ նշեցին, որ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են մարզպետարանում, ընկերությունում, համայնքապետարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները