«Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները»
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն անդրադարձել է այսօր Եվրախորհրդարանում ընդունված Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ փաստաթղթին: Facebook սոցցանցի իր էջում նա նկատել է, որ փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին:
«Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում:
Երբ ղեկավարությունը պարբերաբար թիրախավորում է եվրաընտանիքի քաղաքական կազմի կուսակցություններին, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությամբ իրակացվող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ վստահության ծրագրերին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մեղադրում նրանց հայկական կողմի լրտեսության համար, արդեն իսկ ձևավորվում են բավարար հիմքեր վերոհիշյալ պատժամիջոցներն ակտիվացնելու համար:
Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերությունները խզելու Ադրբեջանի ջանքերը: Նման հարաբերություններին խթանելը հատկապես դառնում է կարևոր, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության երկարատև ռազմական ընդհարումների խնդրի լուծմանը: Համաձայն Եվրոպական խորհրդարանի փաստաթղթի, Լեյլա Յունուսի նման ակտիվիստները Ադրբեջանում կատարել են անհրաժեշտ և տեղին աշխատանք:
Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:
Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան: Ավելին, Խորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին առաջ քաշել նպատակային պատժամիջոցների հավանական կիրառությունը մարդու իրավունքների խախտումների դեմ փոփոխություններ չնկատելու դեպքում /այս գաղափարը առաջարկվել է դեռևս 2012 թվականի մայիսի 24-ին/:
Այսօրվա հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է»,- գրել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան