ՌԴ-ում դեպորտ արված 60-70 հազար ՀՀ քաղաքացի կընկնի համաներման տակ. Ա.Սաֆարյան
«Ռուսաստանում արդեն համաձայնեցված է այն փաստաթուղթը, ըստ որի ՀՀ քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում աշխատանք գտնել և բնակվել առանց սահմանափակման»,- Panorama.am-ին տեղեկացրեց «Ինտեգրացիա և զարգացում» հկ նախագահ Արամ Սաֆարյանը` ավելացնելով, որ նախքան Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրելը Հայաստանին նման իրավունքի տրամադրումը խոսում է այն մասին, որ ՌԴ-ում լի են վճռականությամբ աշխատուժի տեղաշարժի ազատությունը, որը նախատեսված է ԵՏՄ սկզբունքներով, դարձնել իրականություն:
Ա.Սաֆարյանը հիշեցրեց, որ այդպիսի իրավունք Ռուսաստանը նախատեսում է միայն Ղազախստանի, Բելառուսի և ՀՀ քաղաքացիների համար. «Սա էքսկլյուզիվ իրավունք է, որն առայժմ չի տարածվում այլ երկրների քաղաքացիների վրա»,- շեշտեց նա:
Եվ երկրորդ ուրախալի լուրը ՌԴ-ից` Դաշնային միգրացիոն ծառայությունում և շահագրգիռ մյուս գերատեսչությունում ստեղծված է հանձնաժողով, որը հիմա քննում է վերջին շրջանում ՌԴ մուտքի արգելք ստացած ՀՀ քաղաքացիների հարցն այն կոնտեքստում, որ այդ քաղաքացիները շուտով կընկնեն համաներման տակ և եթե նրանք հանցագործություններ չեն կատարել, քրեորեն պատժելի գործողություններ չեն կատարել, ապա նրանց նկատմամբ կվերանայվի մուտքի արգելքի որոշումը:
«Խոսքը 60-70 հազար ՀՀ քաղաքացիների մասին է, որոնց հարցերի քննությունը այժմ ընթանում է արագացված տեմպերով: Այդ որոշումը ավտոմատ կերպով տարածվում է նախևառաջ ուսանողների վրա, ինչպես նաև խոսքը ընտանիքների վերամիավորման մասին է: Մյուս կատեգորիայի քաղաքացիների հարցերը քննարկումների խնդիր է, բայց հստակ է մեկ բան` այս երկու քայլերը խոսում են այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին խոստանում է աշխատուժի տեղաշարժի համար օգուտներ ոչ թե տեսանելի հեռանկարում, այլ անդամակցությունից անմիջապես հետո»,- հավելեց Արամ Սաֆարյանը:
Հիշեցնենք, նախօրեին ՌԴ Դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի վավերացումը նախատեսվում է իրականացնել համաչափ` Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների կողմից: Իսկ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին Հայաստանը կմիանա հոկտեմբերի 9-ին Հայաստանը:
Հարակից հրապարակում`
Հայաստանը հոկտեմբերի 9-ին կմիանա ԵՏՄ-ին. Սլուցկի